ՇԻՆՈՒՀԱՅՐՈՒՄ ԱՐՑԱԽՑԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԻՐ ԴՌՆԵՐԸ ԲԱՑԵՑ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԺԱՄԱՆՑԻ ԿԵՆՏՐՈՆԸ

«Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ի և Ikigai Armenia-ի համատեղ ջանքերով, ինչպես նաև Տաթևի համայնքապետարանի հետ համագործակցությամբ, Շինուհայր գյուղում արցախցի երեխաների համար դեկտեմբերի 2-ին իր դռները բացեց «Երեխաների ժամանցի և զարգացման կենտրոնը»:

ԳՈՒՄ ՀԿ-ի աշխատակիցների կողմից ծնողներին ներկայացվեց կենտրոնի նպատակները, հիմնական մոտեցումները։ Հանդիպման երկրորդ մասում ծնողները հնարավորություն ունեցան բարձրաձայնել իրենց հարցերը և ստանալ սպառիչ պատասխաններ։

Ծնողները համոզմունք հայտնեցին, որ նորաբաց կենտրոնը լավ հնարավություն է իրենց երեխաների զարգացման և նոր միջավայրին ինտեգրվելու համար։ Մանկապարտեզի տնօրինությունը և աշխատակիցները պատրաստակամ են աջակցելու կենտրոնի աշխատանքներին։

Նախագծի իրականացմանը ֆինանսական և նյութական աջակցություն են ցուցաբերել Գազպրոմ Արմենիայի Ուսումնասպորտային համալիրի սաները, ուսուցիչները, տնօրինությունը, ինչպես նաև բազմաթիվ քաղաքացիներ: Նվիրատուների կողմից հավաքագրված գրքերի, ժամանցային և զարգացնող խաղերի, գրենական պիտույքների փաթեթները ԳՈւՄ ՀԿ-ի ջանքերով իրենց տեղն են գտել Շինուհայրի նորաբաց կենտրոնում։

Հիշեցնենք, որ Շինուհայրի «Երեխաների ժամանցի և զարգացման կենտրոն» կարող են այցելել բնակավայրում բնակվող արցախցի 5-12 տարեկան երեխաները։