ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ │ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՏԵՍՏՆԵՐՆ ՈՒ ԸՄՊԵԼԻՔՆԵՐԸ

ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ │ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՏԵՍՏՆԵՐՆ ՈՒ ԸՄՊԵԼԻՔՆԵՐԸ

Հունիսի 30 – Հուլիսի 14, 2019 թ.

Գորիս, Հայաստան

«Սյունիքի մարզի հայկական ուտեստներն ու ըմպելիքները» երկշաբաթյա հագեցած ամառային դպրոց է, որի շրջանակներում մասնակիցները կծանոթանան Սյունիքի մարզի յուրահատուկ խոհանոցին, կուսումնասիրեն տասնյակ ուտեստների և ըմպելիքների պատրաստման եղանակները, կկատարելագործեն բաղադրատոմսերի պատմության և պատրաստման գաղտնիքների վերաբերյալ ունեցած գիտելիքները:

Ամառային դպրոցը հիանալի առիթ է հայկական ազգային և տարածաշրջանային մշակությով հետաքրքրվողների համար՝ բացահայտելու մշակույթի անբաժան մասը կազմող խոհանոցի բազմազանությունն ու գաղտնիքները:

Ուսումնական ծրագրին զուգահեռ մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու տարածաշրջանի պատմամշակույթային արժեքներին, ճարտարապետական կոթողներին, հուշարձաններին և բնական հարստություններին։

Ծրագիրը մշակվել է «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ի, «Dispro Line» ՍՊԸ-ի և Արմակադ Հայաստանի հետ համատեղ:

Դասընթացները կվարեն Հայաստանի գյուղատնտեսական և խոհարարական ոլորտի առաջատար մասնագետներ, ինչպես նաև ուտեստների, խմիչքների/ըմպելիքների արհեսատվարժ տեղացի պատրաստողները, որոնք հայտնի են իրենց անհատական ձեռագրով ու անհավանական համի գաղտնիքների իմացությամբ:

Դասընթացները

Ամառային դպրոցի ծրագիրը կընդգրկի ազգային ուտեստների և խմիչքների պատրաստման պրակտիկ դասընթացներ Գորիս քաղաքի ռեստորաններից մեկի ընդարձակ խոհանոցում, տեսական լսարանային դասընթացներ տարածաշրջանի պատմության, ազգային նիստ ու կացի և խոհանոցի վերաբերյալ, ինչպես նաև կներառի առաջադրանքներ և համապատասխան ուղեցույցեր հետևյալ ուղղություններով՝

  1. Սյունիքին բնորոշ ազգային ճաշատեսակներն ու դրանց պատրաստման եղանակները
  2. Սյունքին բնորոշ ազգային խմիչքների/ըմպելիքների (թթի օղի, հոնի օղի, սալորի օղի, գինի, դոշաբ, մաճառ և այլն) պատրաստուման եղանակները
  3. Սյունիքի պատմությունը, մշակույթն ու ճարտարապետությունը

Յուրաքանչյուր աշխատանքային օր առավոտյան դասընթացը կմեկնարկի խոհանոցում և կներառի դասացուցակով տվյալ օրվա սահմանված ուտեստի պատրաստման ամբողջական ցուցադրում և ընթացքում բաղադրատոմսի ներկայացում ու բոլոր անհրաժեշտ մանրամասների բացատրություն մասնագետ խոհարարի կողմից։ Այս հատվածում մասնակից ուսանողներից յուրաքանչյուրը կարող է մասնակցել պատրաստման գործժընթացին՝ օգնելով գլխավոր խոհարարին։ Ուտեստի պատրաստումից հետո բոլոր մասնակիցները կհամտեսեն այն անմիջապես դասընթացից հետո, երեկոյան ընթրիքին, կամ հաջորդ օրն առավոտյան։

Դասընթացի այս հատվածը կունենա 2 ժամ տևողություն։

Ուտեստի պատրաստման առավոտյան դասընթացին կհաջորդի 30 րոպե տևողությամբ տեսական դասընթացի հատվածը, որի ընթացքում կներկայացվեն Սյունիքի պատմության, մշակույթի և ճարտարապետության հետաքրքիր դրվագներն ու օրինակները։

Տեսական մասին կհաջորդի Սյունիքին հատուկ խմիչքների պատրաստման եղանակների ցուցադրման ու նկարագրման դասընթացը։ Քանի որ Սյունիքի տարածաշրջանում խմիչքների շատ լայն տեսականի պատրաստվում է տնային տնտեսություններում, ապա դասընթացի այս հատվածը կկազմակերպվի Գորիս քաղաքին մոտ գտնվող և տնական ալկոհոլային խմիչքներ պատրաստելու բազմամյա փորձ ունեցող մարդկանց տանը՝ ալկոհոլային խմիչքի պատրաստման սարքի անմիջապես կողքին։ Այս դասընթացների ընթացքում մասնակիցները ներկա կգտնվեն թթի, հոնի, սալորի և այլ մրգերից օղու պատրաստման գործընթացին, ինչպես նաև կծանոթանան տարբեր մրգերից գինի ստանալու ավանդական եղանակներին։

Դասընթացների լեզուն հայերենն է՝ զուգահեռ անգլերեն թարգմանությամբ։

Ճամփորդություններ

 Ամառային դպրոցի ընթացքում՝ հատկապես ոչ աշխատանքային օրերին, ծրագրի մասնակիցների համար նախատեսված են նաև ճամփորդություններ:

Մասնակիցները կայցելեն Տաթևի վանք, Խնձորեսկ, Հալիձոր, Հին Գորիս, Բղենո Նորավանք, Որոտնավանք և Սիսիան քաղաք, Քարահունջ, Շաքիի ջրվեժ, Ստեփանակերտ, Շուշի և Գանձասար։

Ամառային դպրոցի արդյունքները 

  • Ամառային դպրոցը մասնակիցներին կտրամադրի տեսական գիտելիքներ, գործնական հմտություններ, թեմատիկ քննարկումների հնարավորություն, որոնք կապահովեն ծրագրի ընթացքում ստացված գիտելիքների կիրառելիության բարձր մակարդակ:
  • Ամառային դպրոցը կնպաստի մասնակիցների մոտ հայկական ազգային մշակույթի մաս կազմող՝ հայկական ազգային խոհանոցի և խմիչքների/ըմպելիքների պատրաստման և կիրառման վերաբերյալ խորքային գիտելիքների ձեռք բերմանը:
  • Մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ և հմտություններ, որոնք կարող են կիրառել ակադեմիական հետազոտությունների, անհատական մեկնարկային բիզնես նախագծերի մեջ, ինչպես նաև, որպես հոբբի՝ իրենց անձնական կյանքում:
  • Ամառային դպրոցի ավարտին կկազմակերպվի մասնակիցների կողմից պատրաստված ուտեստների և խմիչքների հյուրասիրություն:

Ովքեր կարող են մասնակցել

 Այս միջազգային ամառային դպրոցին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր առնվազն 18 տարեկան են և հետաքրքրված են հայկական ու տարածաշրջանային մշակույթով, ազգային խոհանոցով և ճարտարապետությամբ:

Ծրագիրը նախատեսված է արվեստագետների, ազգագրագետների, մշակութաբանների, պատմաբանների, գրականագետների և/կամ բոլոր այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են մասնագիտական խորը գիտելիքներ ձեռք բերել հայկական և մասնավորապես Սյունքի ուտեստների ու խմիչքների պատրաստման, բաղադրատոմսերի և պատմության վերաբերյալ:

Ծրագրի արժեք

Ամառային դպրոցի մասնակցության վճարը 1990 ԱՄՆ դոլար է:

Այն իր մեջ ներառում է.

Երևան – Գորիս – Երևան ուղևորափոխադրումը։ Բնակության և սննդի ծախսերը Գորիս քաղաքում։ Ճամփորդությունների ծախսերը ծրագրի ընթացքում։

Դիմումների ընդունման կարգը

 Բոլոր հետաքրքրվողները կարող են դիմել ծրագրին՝ սեղմելով APPLY ONLINE կոճակը և լրացնելով համապատասխան դաշտերը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2019 թվականի ապրիլի 5-ն է։

Դասընթացի վճարն ամբողջությամբ պետք է փոխանցել մինչև 2019 թվականի մայիսի 1-ը՝ բանկային փոխանցման միջոցով։

Այս ամառին դպրոցին մասնակցելու համար պոտենցիալ դիմորդները կարող են փնտրել կրթաթոշակներ և ճանապարհորդական դրամաշնորհներ իրենց սեփական համալսարանում / դպրոցում / համայնքում կամ այլ համապատասխան հիմնադրամներում:

Ամառային դպրոցի կազմակերպիչները կարող են հայտատուներին տրամադրել պաշտոնական հրավեր նամակներ զբոսաշրջային դրամաշնորհների դիմումների աջակցման նպատակով:

Ամառային դպրոցի վերաբերյալ բոլոր մանրամասները հասանելի են ստորև ներկայացված հղմամբ.

https://armacad.info/2018-12-14–summer-school-cfa-armenian-cuisine-and-alcoholic-drinks-of-syunik-region-30-june-14-july-2019-goris-armenia?fbclid=IwAR2DH5BIrFflSDpo13P4xlRB0gwXzozOE6VdbTXGYUmdbOUt0M1srBJiQ58