ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԿՐԹԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՄՈՆԻՏՈՐԻԳԻ ԶԵԿՈՒՅՑ
ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ
Սույն զեկույցը ներկայացնում է «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ի (ԳՈՒՄ) կողմից «Թափանցիկությունն ու հաշվետվողականությունը՝ որպես կրթության բարելավման երաշխիք» ծրագրի շրջանակներում իրականացված մոնիտորինգի արդյունքները։ Ծրագիրն իրականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։
Ծրագրի նպատակն էր բարձրացնել Սյունիքի մարզում ներառական կրթություն իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների (ՀՈՒՀ) կողմից մատուցվող կրթական ծառայությունների որակը և արդյունավետությունը՝ բարելավելով թափանցիկության և հաշվետվողականության մեխանիզմները մասնակցային մոնիտորինգի, սոցիալական հաշվետվողականության և ջատագովությանն ուղղված քարոզարշավների միջոցով:
Մոնիտորինգի նպատակն էր բացահայտել Սյունիքի մարզի հանրակրթական հաստատություններին ներառական կրթության իրականացման համար մինչև 2017թ․ տրամադրված ֆինանսական միջոցների ծախսման արդյունավետությունը, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, ինչպես նաև նրանց կողմից մատուցվող կրթական ծառայությունների որակը: Ծրագրի ընթացքում իրականացվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների մոնիտորինգ Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Կապան և Մեղրի համայնքներում՝ համայնքային բնակչության մասնակցությամբ։ Որպես ծրագրի թիրախ ընտրվել են Սյունիքի մարզի 4 քաղաքային համայնքների 12 հանրակրթական ուսումնական հաստատություններ: Այս հաստատությունները 2010թ․ սկսած տարբեր ժամանակներում ներառվել են ներառական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների շարքում և ունեն մինչև 7 տարվա փորձ, որը բավականին լայն ժամանակահատված է ներդրման գործընթացներն ուսումնասիրելու համար:
Տվյալների հավաքագրման համար օգտագործվել են հարցման, փաստաթղթերի վերլուծության և ֆոկուս խմբային քննարկման մեթոդները, իսկ վերլուծությունը կատարվել է SPSS, EXCEL վերլուծական ծրագրերի միջոցով: Վերլուծությունը կազմված է 2 գլուխներից, որոնցից մեկում ամփոփվում է 2014-2016թթ. տրամադրված ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետության, իսկ մյուսում՝ ուսումնական հաստատությունների կողմից մատուցվող կրթական ծառայությունների որակի ուսումնասիրությունը։
ՀՀ Սյունիքի մարզում ներառական կրթություն իրականացնող հանրակրթական հաստատությունների կողմից մատուցվող կրթական ծառայությունների մոնիտորիգի զեկույցը հասանելի է հետևյալ հղմամբ.
https://drive.google.com/file/d/1bzO_BEaLCvkLyS17teOQaF7chRB7tmnB/view