՛՛ԱՊԱԳԱՅԻ ՇՈՂԵՐ՛՛ ՀԿ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

՛՛ԱՊԱԳԱՅԻ ՇՈՂԵՐ՛՛ ՀԿ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

՛՛Լիդիան Արմենիա՛՛ ընկերության ֆինանսական աջակցությամբ իրականացվող ՛՛Սոցիալական ձեռնարկատիրության զարգացում՛՛ ծրագրի շրջանակներում 2017 թվականի սեպտեմբերի 9-ին Ջերմուկ համայնքում՝ Մ. Գորկու անվան թիվ 1 դպրոցում, տեղի ունեցավ ՛՛Ապագայի շողեր՛՛ կրթական, սոցիալական հասարակական կազմակերպության հիմնադրման պաշտոնական շնորհանդեսը:

Շնորհադեսը նպատակ ուներ կազմակերպության շահառուներին՝ Ջերմուկ համայնքի (Ջերմուկ, Կեչուտ, Գնդեվազ բնակավայրեր) բնակիչներին, Տեղական ինքնակառավարման մարմինների և բիզնես հատվածի ընկերությունների ավելի քան 100 ներկայացուցիչներին ներկայացնելու կազմակերպության՝ դեռևս 2015 թվականից ՛՛Լիդիան Արմենիա՛՛ ընկերության աջակցությամբ և ՛՛Զանգակատուն՛՛ բարեգործական ՀԿ-ի հետ համագործակությամբ անցած ուղին, համայնքում ծավալած գործունեությունը, կազմակերպության նպատակներն ու խնդիրները, համայնքի խոցելի խմբերի սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Կազմակերպության հիմնադրման պաշտոնական շնորհանդեսին մասնակցում էին դոնոր ՛՛Լիդիան Արմենիա՛՛ ընկերության սոցիալական ծրագրերի պատասխանատու Նառա Տեր Ղազարյանը, ՛՛Սոցիալական ձեռնարկատիրության զարգացում՛՛ ծրագիրն իրականացնող ՛՛Գործընկերություն և ուսուցում՛՛ ԳՈՒՄ ՀԿ գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյանը, Ջերմուկ համայնքի փոխհամայնքապետ Սամվել Մարգարյանը, Ջերմուկ համայնքի ավագանու անդամ Հասմիկ Սարգսյանը, Ջերմուկ համայնքի ճարտարապետ Արսեն Գառնիկյանը, Սուրբ Գայանե եկեղեցու քահանա Տեր Գալուստ Սահակյանը, Ջերմուկի Մ. Գորկու անվան թիվ 1 դպրոցի տնօրեն Լուսիկ Սարգսյանը, Սարավանի հիմնական դպրոցի տնօրեն Աշոտ Փանդունցը և բազմաթիվ հյուրեր հարևան Գորայք և Սարավան համայքներից:

                                                                

Շնորհանդեսի բացման խոսքով հանդես եկավ ՛՛Ապագայի շողեր՛՛ կրթական, սոցիալական ՀԿ-ի նախագահ Արևհատ Քոլայանը, ով, ողջունելով շնորհանդեսի բոլոր մասնակիցներին, ներկայացրեց կազմակերպության, որպես ոչ ֆորմալ խմբի,  դեռևս 2015 թվականից  անցած  ուղին և ծավալած աշխատանքները: Ա. Քոլայանը առժևորեց անցած ժամանակահատվածում ՛՛Լիդիան Արմենիա՛՛ ընկերության աջակցությունը  և ՛՛Զանգակատուն՛՛ ԲՀԿ-ի հետ համագործակցությունը՝ միաժամանակ կարևորելով խմբի ֆորմալացման և պաշտոնական գրանցման հրամայականը, որը հնարավոր դարձավ իրագործել ԳՈՒՄ ՀԿ-ի օժանդակությամբ՝ ՛՛Սոցիալական ձեռնարկատիրության զարգացում՛՛ ծրագրի շրջանակներում: Ա. Քոլայանը իր ելույթում ներկայացրեց նաև կազմակերպության նորաստեղծ ՛՛Ջերմուկ հանդիքրաֆթս՛՛ ձեռագործ աշխատանքների սոցիալական ձեռնարկությունը, որը կոչված է կազմակերպության ֆինանսական կայունության ապահովմանը և շահառու խոցելի խմբերի սոցիալական կեցության մակարդակի բարձրացմանը:

Ջերմուկ համայնքի փոխհամայնքապետ Սամվել Մարգարյանը իր ելույթում նշեց.

– Շնորհավորում եմ ՛՛Ապագայի շողեր՛՛ ՀԿ-ի հիմնադրման կապակցությամբ և բարի երթ եմ մաղթում ձեզ: Անձամբ ճանաչելով ՀԿ-ի Նախագահ Ա. Քոլայանին և կազմակերպության մյուս անդամներին՝ վստահ եմ, որ կազմակերպությունը իր մեծ ներդրումը կունենա Ջերմուկ համայնքում առկա խնդիրների լուծման գործընթացում:

                                                                 

՛՛Լիդիան Արմենիա՛՛ ընկերության սոցիալական ծրագրերի պատասխանատու Նառա Տեր Ղազարյանը, իր ողջույնի խոսքում անդրադառնալով արդեն երեք տարիների ընթացքում իրականացված աշխատանքներին, կարևորեց ծրագրի շահառուների և համայնքի բանկիչների ոգևորվածությունը և բարձր մոտիվացիան, որը ի սկզբանե դռսևորվել է և գնալով ավելի ու ավելի ընդգրկուն է դառնում: Ն. Տեր Ղազարյանը կարևորեց ծրագրի հաջողման գործում շահառուների անմիջական ներգրավվածությունը և հետևողականությունը՝ շեշտադրելով այդ գործում ՛՛Լիդիան Արմենիա՛՛ ընկերության աջակցության պատրաստակամությունը:

՛՛Գործընկերություն և ուսուցում՛՛ ՀԿ գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյանը իր ելույթի խոսքում ներկայացրեց Սոցիալական ձեռնարկատիրության զարգացում՛՛ ծրագրի շրջանակներում 2017 թ. մարտ ամսից իրականացված աշխատանքները՝ շնորհակալություն հայտնելով բոլոր գործընկերներին, ովքեր իրենց անգնահատելի ներդրումն են ունեցել ծրագրի հաջողման գործում: Ա. Տոռոզյանը շեշտադրեց ՛՛Ապագայի շողեր՛՛ ՀԿ-ի հիմնադրման արդիականությունը և անհրաժեշտությունը իր կառուցվածքային, գաղափարական, արժեհամակարգային և սոցիալական ուղղվածությամբ նախաձեռնությունների ամբողջականությամբ: Ա. Տոռոզյանը ներկայացրեց ՛՛Ջերմուկ հանդիքրաֆթս՛՛ սոցիալական ձեռնարկության օգոստոս ամսին ունեցած 2 ցուցահանդես վաճառքների հաջողված փորձը և հաջողութություն ու բարի երթ մաղթեց ՛՛Ապագայի շողեր՛՛ ՀԿ-ին հետագա նախաձեռնություններում:

՛՛Ապագայի շողեր՛՛ ՀԿ-ի հիմնադրման շնորհանդեսը շարունակվեց իարականացված աշխտատանքների վերաբերյալ պատկերավոր ներկայացումներով՝ շահառու դպոցահասակ աղջիկների յուրօրինակ մատուցմամբ, ովքեր շեշտադրեցին այն կարևոր փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել իրենց կյանքում ծրագրի իրականացման ընթացքում:

Զարուհի Կարապետյանը նշեց.

– Արդեն 3-րդ տարին է, ինչ ես մասնակցում եմ ՛՛Զանգակատուն՛՛ ԲՀԿ-ի կողմից իարականացվող խմբակներին: Սկզբնական շրջանում ես շատ կաշկանդված էի, սակայն, շնորհիվ իմ փորձառու ուսուցիչների, կարճ ժամանակահատվածում կարողացա հմտանալ ձեռագործության մեջ: Ծրագիրը հնարավորություն տվեց ինձ օգտակար դառնալ իմ համայնքին: Հույս ունեմ, որ ծրագիրը շարունակական կլինի և մենք կկարողանանք ընդգրկել նոր մասնակիցներ՝ մեր ներդրումը ունենալով մեր համայնքի զարգացման գործում:

Անահիտ Մովսիսյանը, իր փորձը ներկայացնելիս, նշեց.

– Ես, առհասարակ, բնավորությամբ բարդույթներով աղջիկ եմ և մտածում էին, որ երբեք չեմ փոխվի, սակայն իմ կյանքում տեղի ունեցավ մի կարևոր իրադարձություն. Ես ընդգրկվեցի ՛՛Երեկվա թափոնն՝ այսօր հուշանվեր՛՛ ծրագրում, որը կարևոր շրջադարձ կատարեց իմ կյանքում: Ես իմացա, թե որքան վառ երևակայություն և ստեղծագործական միտք ունեմ: Ես դարձա ավելի կամային, կայուն սկզբունքներով անձնավորություն: Ներկա հաջողությունների համար ես երախտապարտ եմ խմբակի կազմակերպիչներին և մեր հասարակական կազմակերպությանը:

Հավատարիմ մնալով սոցիալական պատասխանատվության որդեգրած սկզբունքներին` ՛՛Ապագայի շողեր՛՛ ՀԿ անդամները շնորհանդեսի ընթացքի երկրորդ մասը նվիրել էին Ջերմուկ քաղաքի 10 անապահով ընտանիքների երեխաներին` նոր ուսումնական տարեշրջանի համար գրենական պարագաներ տրամադրելուն: Դպրոցական գրենական պարագաները ձեռք էին բերվել օգօստոսի 20 ին և 27-ին Ջերմուկում` Գալերեյայում, կայացած ՛՛Ապագայի շողեր՛՛ ՀԿ-ի ցուցահանդես-վաճառքների արդյունքում գոյացած շահույթից: Ցուցահանդես-վաճառքների ընթացքում ՛՛Ապագայի շողեր՛՛ ՀԿ-ն հանդես էր եկել իր սոցիալական ձեռնարկության ՛՛Ջերմուկ հանդիքրաֆթս՛՛ ձեռագործ աշխատանքների ապրանքանիշով:

Գործունեության սկզբունքներին և արժեքներին հավատարիմ` սոցիալական ձեռնարկության շահույթի մի մասը մշտապես ուղղվելու է Ջերմուկ համայնքի խոցելի խմբերի սոցիալական խնդիրների լուծմանը և համայնքի զարգացմաը:

՛՛Գործըկերություն և ուսուցում՛՛/ԳՈՒՄ ՀԿ-ն, ևս անակնկալ նվեր-փաթեթներ էր պատրաստել և՛ ընտրված անապահով ընտանիքների երեխաներին և ձեռքի աշխատանքների  խմբակի դպրոցահասակ աղջիկներին:

Շնորհանդեսը անցավ ուրախ և բարձր տրամադրությամբ՝ հետագա համագործակցության և իրականացվող աշխատանքների ծավալի և աշխարհագրության ընդլայման պատրաստակամությամբ: