ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. «ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԲԸ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԿԻՍՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ՀՀ ԵՐԵՔ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐԶԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԵՏ

 

 

ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ  ԱՇԽԱՏԱՆՔԻ  ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 «ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԲԸ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԿԻՍՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ  ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ՀՀ ԵՐԵՔ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐԶԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԵՏ

Ս.թ. նոյեմբերի  22-ին, Երևանում՝ «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից «էյչ-էս-բի-սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Զարգացման հեռանկարներ» ֆինանսական  գրագիտության և ձեռնարկատիրական հմտությունների զարգացման ծրագրի շրջանակներում շահառու ՀՀ Կոտայքի, Արարատի և Արագածոտնի մարզերի 16-ից 23 տարեկան 48 երիտասարդների մասնակցությամբ տեղի ունեցավ կարողությունների զարգացման շրջափուլի հերթական դասընթացը՝ «Ձեռնարկատիրական ընկերությունների տիպերը և իրավական գրանցման տեսակները» թեմայով:

            Կարևորելով երիտասարդ սերնդի կրթման և հմտությունների զարգացման գործում միջոլորտային համագործակցության զարգացման անհրաժեշտությունը, ինչպես նաև հմուտ մասնագետների կողմից շարունակական ուղղորդման արդյունավետությունը՝ «էյչ-էս-բի-սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի աշխատակիցները ակտիվ ներգրավածություն ունեցան սեմինար-դասընթացների ընթացքում՝ զուգահեռ աշխատելով երիտասրադների 3 խմբերի հետ: էյչ-էս-բի-սի բանկի 7 աշխատակիցներ, ծանոթանալով երիտասարդների կողմից ընտրված գործարար գաղափարներին, դրանց իրականացման ուղղությամբ կատարված հետազոտություններին, մրցակիցների և շուկայի վերլուծություններին, ներկայացրեցին իրենց առաջարկությունները մշակված գործարար ծրագրերի արդյունավետությունը բարձրացնելու, հնարավոր ռիսկերը կանխարգելելու և վերահսկողական մեխանիզմները ամբողջացնելու ուղղությամբ:

               

«Գործընկերություն և ուսուցում» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյանը, ընդգծելով  «էյչ-էս-բի-սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի աշխատակիցների աջակցության կարևորությունը, նշում է, -«Մենք և հանրային հատվածում գործունեություն ծավալող մեր գործընկերները միշտ առաջնային կարևորություն ենք տվել քաղաքացիական հասարակության կայացման գործում կամավորության գաղափարի ներդրմանը և կամավորության զարգացմանը: Ինքներս միշտ նախաձեռնել և համակարգել ենք կամավորական բազմաթիվ ծրագրեր և արշավներ, սակայն գործարար կազմակերպությունների ներգրավվածության մասով հազվադեպ ենք աջակցություն գտել: էյչ-էս-բի-սի բանկը այս ոլորտում բացառիկ է, քանի որ նման ծավալով և մասնակցության բարձր աստիճանով կամավորական աշխատանքների իրականացումը սոցիալապես պատասխանատու գործունեության լավագույն օրինակ է, որը կարող է ունենալ մասնավոր սեկտորի ընկերությունը: Այս ձևաչափը կարող է և պետք է դառնա ուղենիշ ՀՀ-ում գործունեություն ծավալող յուրաքանչյուր ընկերության համար»:

         

Շահառու երիտասարդները իրենց հերթին ևս ընգծում են կիրառված ձևաչափի բացառիկությունը և օգտակարությունը, նշելով որ նախկինում նմանատիպ ծրագրերի մասնակցության ժամանակ երբեք չեն ունեցել դասընթացների ընթացքում ձեռ բերված տեսական գիտելիքները և մշակված ծրագրերը նման բարձր արդյունավետությամբ քննարկելու այդ գործի գիտակ և հմուտ փորձագետների հետ: Ինչպես նշում են մասնակիցներից շատերը, դասընթացի ընթացքում իրենք կարողացան փորձագետներին ուղղել իրենց հետաքրքրող բոլոր հարցերը, ստացան այդ հարցերի ամբողջական պատասխաններ և յուրացրեցին մի շարք կիրառելի խորհուրդներ:

Դասընթացի ավարտին շահառու երիտասարդների կողմից հավաքագրվեցին մի շարք առաջարկություններ, որոնց թվում էին այս ձևաչափի կիրառության ապահովվումը ծրագրի իրականացման նաև մյուս փուլերում, ոլորտային փորձագետների կողմից հարկային օրենսդրության վերաբերյալ խորհրդատվության իրականցումը, բիզնես կառավարման թեմայով աշխատաժողովների կազմակերպումը:

        

«Զարգացման հեռանկարներ» ծրագիրը հանդիսանում է ֆինանսական գրագիտության ու գործարար հմտությունների զարգացմանն ուղղված տեսական դասընթացների, սեմինարների և արդյուքահեն պրակտիկ գործողությունների և վարժությունների համադրություն, որի իրականացման բոլոր շրջափուլերում շարունակական խորհրդատվություն, ուղղորդում և հսկողություն են իրականացնելու ֆինանսների և ձեռնարկատիրության ոլորտներում փորձառու և հմուտ մասնագետներ: