«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ. ՀԱՄԱՅՆՔԱՀԵՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԳՈՐԻՍ ԵՎ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԵՐՈՒՄ
Ս/թ հունիսի 28-ին «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն իրականացրել է «Սոցիալական գործընկերություն և կրթություն. համայնքահեն հեռանկարներ երիտասարդների համար» ծրագրի մեկնարկային հանդիպումներ Գորիս և Սիսիան համայնքներում։
Գորիսում հանդիպումը տեղի է ունեցել Գորիսի համայնքապետարանում, ժամը 11։00-ին, իսկ Սիսիանում՝ Համո Սահյանի անվան քաղաքային մշակույթի կենտրոնում, ժամը 13։30-ին։
Մեկնարկային հանդիպումները նպատակ ունեին Գորիս և Սիսիան համայնքների հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների, ՏԻՄ-երի և ՔՀԿ-ների ներկայացուցիչներին ներկայացնելու «Սոցիալական գործընկերություն և կրթություն. համայնքահեն հեռանկարներ երիտասարդների համար» ծրագրի նպատակը, նախատեսվող աշխատանքները և քննարկելու համագործակցության հնարավորութունները շահագրգիռ կողմերի հետ։
Գորիսում հանդիպումը վարել է ԳՈՒՄ ՀԿ-ի գործադիր տնօրեն, ծրագրի ղեկավար Արտաշես Տոռոզյանը, իսկ Սիսիանում՝ ծրագրի գործընկեր՝ Սիսիանի Մեծահասակների կրթության կենտրոնի տնօրեն Կարեն Հովհաննիսյանը։
Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) և զբաղվածության ոլորտներում քաղաքականության բարելավմանը՝ ՔՀԿ-ների կոալիցիաների պատշաճ մասնակցության ապահովման և սոցիալական գործընկերության դերի բարձրացման միջոցով:
ԳՈՒՄ ՀԿ-ն ծրագիրն իրականացնում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում։
Ծրագրի կոնսորցումի անդամներն են՝ «Գործընկերություն և ուսուցում» /ԳՈՒՄ ՀԿ, «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամ /ԳԶՀ, «Սիսիանի Մեծահասակների Կրթության Կենտրոն» հիմնադրամ /ՍՄԿԿ, «Ցկյանս ուսումնառության հայաստանյան լիգա» իրավաբանական անձանց միություն/ՑՈՒՀԼ։
Մեկնարկային հանդիպումներին մասնակցել են Գորիսի և Սիսիանի համայնքների համայնքապետարանների աշխատակիցներ, հանրակրթական, միջին և մասնագիտական ու բարձրագույն ուսումնական հաստատությունների, ՔՀԿ-ների ներկայացուցիչներ, երիտասարդներ։
Մեկնարկային հանդիպումներն ընթացան ակտիվ քննարկումների և շահագրգիռ կողմերի հետ հետագա համագործակցության զարգացման պատրաստակամության մթնոլորտում։