«ՀՈՒՅՍԴ ՄԻ´ ԿՈՐՑՐՈՒ»․ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ԵՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔ ՍԻՍԻԱՆՈՒՄ

«Հույսդ մի´ կորցրու»․ բարեգործական համերգ և ցուցահանդես-վաճառք Սիսիանում

Սոցիալական ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, գործարար հատվածի, համայնքի բնակիչների համագործակցությամբ և միացյալ ջանքերով կայացավ ևս մեկ բարեգործական ակցիա։

            

«Հույսդ մի´ կորցրու» կարգախոսը կրող բարեգործական ակցիայի շուրջ այսօր՝ մարտի 15-ին, Սիսիանում՝ Հ․ Սահյանի անվան մշակույթի տան ճեմասրահում, համախմբվել էին հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնակառավաման մարմինների, համայնքային կառույցների, մշակույթի և արվեստի բնագավառի ներկայացուցիչներ, համայնքաբնակներ։

      
Բարեգործական ակցիան, որը նպատակ ուներ նպաստելու խոցելի ընտանիքների համար տնտեսական զարգացման հնարավորությունների ստեղծմանը, բաղկացած էր երկու մասից՝ համերգային ծրագիր և ցուցահանդես -վաճառք։

Ակցիան մեկնարկեց Հ․ Սահյանի անվան մշակույթի տան ճեմասրահից, որտեղ իրենց ստեղծագործական աշխատանքներն էին ներկայացնում Սիսիան և Գորիս համայնքների նկարիչներ, անհատ ստեղծագործողներ և կազմակերպություններ։

       
Ցուցահանդես-վաճառքի բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարգև քահանա Զեյնալյանը, նա օրհնեց նախաձեռնության մեկնարկը, շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին ու աղոթեց գործի հաջող ընթացքի համար։
Ողջույնի ելույթներով հանդես եկան Սիսիանի համայնքապետարանի ներկայացուցիչ Նարա Հովհաննիսյանն ու ԳՈՒՄ ՀԿ-ի աշխատակից Աննա Դանիելյանը։

Ցուցահանդես-վաճառքին զուգահեռ՝ դահլիճում, տեղի ունեցավ համերգային ծրագիր՝ համեմված թատերական ներկայացումներով, երգ ու պարով։

Մթնոլորտը շատ ջերմ էր ու մշակութային։ Ներկաներն այս ակցիան աննախադեպ անվանեցին։ Սա այն եզակի դեպքերից էր, երբ ընդհանուր նպատակը միավորում է բոլորին։

Բարեգործական ակցիայի ողջ ընթացքում տեղի ուենցավ նաև հանգանակություն։ Ցուցահանդես- վաճառքից ստացված հասույթի 15 %-ը, համերգի տոմսերի վաճառքից ստացված ողջ հասույթն ու հանգանակությունն ամբողջությամբ կնպատակաուղղվեն Սիսիան համայնքից 6 շահառու ընտանիքների համար տնտեսական կայունության հնարավորությունների ստեղծմանը։

Խոցելի ընտանիքներին աջակցելու նպատակով իրականացվող ֆոնդահայթայթման միջոցառումները դեռ կշարունակվեն մինչև մարտ ամսվա երկրորդ կեսը, ֆոնդահայթայթման արդյունքները, հավաքագրված գումարներն ու անհատական նվիրատուների անունները կհրապարակվեն միջոցառումների շարքի ամփոփման ժամանակ։

«Հույսդ մի´ կորցրու» կարգախոսը կրող բարեգործական ակցիան իրականացվել է «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ի կողմից «Հանրային խորհրդատվության և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի գործընկերությամբ և «Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Շահագրգիռ կողմերը ընտանիքի պաշտպանության դերակատարներ» ծրագրի շրջանակներում։

Ֆոնդահայթայթման միջոցառման վերաբերյալ հավելյալ տեղեկատվության կարող եք գտնել ստորև ներկայացված տեղեկագրում.