«ԱՌԱՏ ԶԱՄԲՅՈՒՂ» ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

 «ԱՌԱՏ ԶԱՄԲՅՈՒՂ» ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

 

2017 թվականի դեկտեմբերի 26-ին, ժամը 12:00-ին, «Ջերմուկ աշխարհ» առողջարանի միջոցառումների սրահում տեղի ունեցավ «Առատ զամբյուղ» գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվի շնորհանդեսը:

Կոոպերատիվը ստեղծվել է «Լիդիան Արմենիա» ընկերության ֆինանսական աջակցությամբ «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից, «Մարդկային արժանապատվություն և խաղաղություն»/HDP հիմնադրամի և «Զանգակատուն» ԲՀԿ-ի հետ համագործակցությամբ, ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Գնդեվազ, Սարավան և Սյունիքի մարզի Գորայք համայնքներում իրականացվող «Սոցիալական ձեռնարկատիրության զարգացում» ծրագրի շրջանակներում:

      

Շնորհանդեսի նպատակն էր համայնքի բնակչությանը, հասարակական հատվածի կազմակերպություններին, Տեղական ինքնակառավարման մարմիններին, գործընկեր և դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներին և մյուս շահագրգիռ կողմերին ներկայացնելու սոցիալական ձեռնարկատիրության գործունեությունը, նպատակն ու խնդիրները:

          

Շնորհանդեսի բացման ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկավ կոոպերատիվի նախագահ Սամվել Թորոսյանը, ով ողջունեց և շնորհակալություն հայտնեց բոլոր հյուրերից ցուցաբերած հետաքրքրվածության համար: Ս. Թորոսյանը իր խոսքում շնորհակալություն հայտնեց «Լիդիան Արմենիա» ընկերությանը, «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ին և /«Մարդկային արժանապատվություն և խաղաղություն»/HDP հիմնադրամին կոոպերատիվի ստեղծման, զարգացման և կայացման գործում նշանակալի ներդրման համար:

Միջոցառման ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան նաև «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ի գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյանը, «Լիդիան Արմենիա» ընկերության մշտադիտարկման և գնահատման մասնագետ Կարեն Առաքելյանը, ՀՀ Վայոց ձորի, Ջերմուկ համայնքի ղեկավարի խորհրդական  պրն. Դավթյանը:

Միջոցառման ընթացքում հատուկ պատրաստված ներկայացման միջոցով «Առատ զամբյուղ» գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվի անդամ Արմինե Գինոսյանը բոլոր մասնակիցներին ներկայացրեց «Սոցիալական ձեռնարկատիրության զարգացում» ծրագրի շրջանակներում կոոպերատիվի անցած ամբողջ ուղին՝ սկսած սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում կազմակերպության անդամների կարողությունների զարգացման շրջափուլերից մինչև կոոպերատիվի ստեղծումը, արտադրական գործընթացների հստակեցումը և արդյունավետ վաճառքի կազմակերպումը:

Շնորհանդեսի ընթացքում տեղի ունեցավ նաև կոոպերատիվի զարգացման գործում ներդրում ունեցած կազմակերպություններին շնորհակալագրերի և կարողությունների զարգացման ամբողջական շրջափուլերը հաջողությամբ ավարտած անդամներին ԳՈւՄ ՀԿ- ի կողմից հավաստագրերի հանձման պաշտոնական արարողություն:

            

Շնորհանդեսը շարունակվեց «Առատ զամբյուղ» գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվի անարատ բարիքների համտեսի փառատոնի բացմամբ, որի ընթացքում բոլոր մասնակիցները հնարավորություն ստացան օգտվելու կոոպերատիվի ջանքերով պատրաստված բարիքներից և ծանոթանալու ու գնահատելու կազմակերպության արտադրատեսակնրը և նրանց բարձր որակը: Միջոցառման ժամանակ իրականացվեց նաև արտադրատեսակների ցուցահանդես վաճառք ՝ ավելի քան 30.000 ՀՀ դրամի:

 

*«Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն «Լիդիան Արմենիա» ընկերության ֆինանսական աջակցությամբ, HDP հիմնադրամ/<<Մարդկային արժանապատվություն և խաղաղություն>> հիմնադրամի և <<Զանգակատուն>> ԲՀԿ-ի հետ համագործակցությամբ, ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Գնդեվազ, Սարավան և Սյունիքի մարզի Գորայք համայնքներում իրականացնում է «Սոցիալական ձեռնարկատիրության զարգացում» ծրագիրը: