«ԱՊԱԳԱՅԻ ՇՈՂԵՐ» ՀԿ ԱՌԱՋԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔԸ

Օգոստոսի 20-ին, Ջերմուկ քաղաքում՝ Գալերեյայում, տեղի ունեցավ ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք:

Ցուցահանդես-վաճառքը «Ապագայի շողեր» ՀԿ-ի՝ որպես սոցիալական ձեռնարկության, կազմակերպած առաջին ցուցահանդեսն էր, որին կազմակերպությունը հանդես եկավ «Ջերմուկ Հանդիքրաֆթս» ապրանքանիշով:

Ցուցահանդեսին ներկայացվող աշխատանքները պատրաստվել են տեղի թվով 7 կանանց և 12 դպրոցահասակ աղջիկների կողմից, որոնք հնարավորություն ունեցան նաև վաճառել պատրաստած հուշանվերները և ձեռագործ աշխատանքները:

Ցուցահանդես-վաճառքին մասնակցեցին Ջերմուկ քաղաքի, շրջակա բնակավայրերի և զբոսաշրջիկների ավելի քան 500-550 ներկայացուցիչներ: Ներկայացված բոլոր աշխատանքները արժանացան զբոսաշրջիկների և համայնքի բնակիչների բարձր գնահատականին:

Ցուցահանդեսին այցելած շուրջ 70 գնորդների կողմից գնվեց 97 միավոր ապրանքատեսակ, որից ընդհանուր դրամային հասույթը կազմեց 136.600 ՀՀ դրամ: Դրամային հասույթի 78.300 ՀՀ դրամ չափաբաժինը գոյացավ դպրոցահասակ աղջիկների կողմից պատրաստված ապրանքատեսակների վաճառքից, իսկ մյուս մասը՝ 58.300 ՀՀ դրամը, կազմակերպության անդամ կանանց ձեռագործ իրերի վաճառքի արդյունքում:

«Ապագայի շողեր» ՀԿ-ի սոցիալական պատասխանատվության ռազմավարության շրջանականերում ցուցահանդես-վաճառքի ամբողջ շահույթը՝ 19.490 ՀՀ դրամը,  ուղղվելու է Ջերմուկ համայնքի թվով 10 անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաներին` նոր ուսումնական տարեշրջանի համար գրենական պարագաների փաթեթներ տրամադրելուն:

Գործընկեր կազմակերպություններ՝  ԳՈՒՄ ՀԿ, Զանգակատուն ԲՀԿ

Ծրագիրը իրականացվում է Լիդիան Արմենիա ընկերության ֆինանսական աջակցությամբ: