ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՁԱՅՆԸ. ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Տարածաշրջանային համաժողով
Սյունիքի և Վայոց ձորի մարզերի Տեղական ինքնակառավարման մարմինների, Քաղաքացիական հասարակության կառույցների և բիզնես սեկտորի թվով 93 ներկայացուցիչներ հուլիսի 10-ին, Գորիս քաղաքում համախմբվել էին բարձրացնելու «Համայնքների ձայնը» և քննարկելու համայնքների զարգացման հեռանկարները:
Վերոնշյալ բոլոր շահագրգիռ կողմերին համախմբել էր ԳՈՒՄ ՀԿ-ն «ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ՀԿ ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման զարգացման» ծրագրի շրջանակներում:
Համաժողովին ներկա էին ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը և առաքելության ներկայացուցիչներ, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը, Գորիս համայնքի ղեկավար Վաչագան Ադունցը:
Համաժողովի բացման և ողջույնի ելույթներով հանդես եկան ԳՈՒՄ ՀԿ-ի գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյանը, Գորիս համայնքի ղեկավար Վաչագան Ադունցը, ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը:
Վերջինս իր ելույթի խոսքում ասաց. «Սա բացառիկ համաժողով է, ես մեծ սիրով ընդունեցի հրավերքը և շատ ուրախ եմ, որ այստեղ եմ: Շնորհակալություն եմ հայտնում ԳՈՒՄ ՀԿ-ին համայնքների ձայնը այս ձևաչափով բարձրացնելու համար»:
Ողջույնի ելույթներից հետո ԳՈՒՄ ՀԿ-ի գործադիր տնօրեն Ա. Տոռոզյանը հանդես եկավ «Միջոլորտային համագործակցության և համայնքային զարգացման հնարավորությունները» թեմայով ներկայացմամբ:
Համայնքային համախմբման մեխանիզմների, համայնքներում ՔՀԿ-ների արձանագրած հաջողությունների մասին պատմող ներկայացմամբ հանդես եկավ ԳՈՒՄ ՀԿ-ի գործընկեր, Աշխատանք և հայրենիք ՀԿ-ի ներկայացուցիչ Ռուզան Ղազարյանը:
Համաժողովի մասնակիցներին համայնքային մակարդակում ՏԻՄ-ՔՀԿ համագործակցության մասին պատմեց Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը:
Այնուհետև համաժողովի մասնակիցները աշխատեցին թեմատիկ խմբերով՝ ՔՀԿ, ՏԻՄ, Բիզնես և առանձնացրեցին Սյունիքի և Վայոց ձորի մարզերում առկա այն համայնքային հիմնախնդիրները, որոնց լուծումները իրատեսական են ՏԻՄ-ՔՀԿ-Բիզնես համագործակցության շրջանակներում:
Համաժողովի երկրորդ մասում մասնակիցներն աշխատեցին խառը խմբերով և, համադրելով թեմատիկ խմբային աշխատանքների արդյունքները, առանձնացրեցին բոլոր խմբերում համընկնող խնդիրները և հանդես եկան համագործակցային լուծման առաջարկություններով՝ շեշտադրելով ՏԻՄ-ի, բիզնեսի և ՔՀԿ-ների դերակատարումը այդ գործընթացում:
Համագործակցային խմբերում աշխատել են ՔՀԿ-ների թվով 58, ՏԻՄ-երի՝ 18 և բիզնեսի՝ 13 ներկայացուցիչներ:
Համաժողովի ամփոփման ժամանակ շահագրգիռ բոլոր կողմերի ներկայացուցիչները կարևորել են համաժողովը՝ շեշտադրելով համագործակցային աշխատանքի արդյունավետությունը:
«Շատ տպավորված եմ, համագործակցության շատ լավ հնարավորություն է, հատկապես խոշորացված համայնքների պարագայում: Մենք պատրաստ ենք համագործակցելու և անելու ամեն հնարավորն ու անհնարինը համայնքների զարգացման համար», -ասում է Տեղ համայնքի ղեկավար Արթուր Շադունցը:
«Ես առաջին անգամ եմ մի տեղում տեսնում Բիզնես, ՏԻՄ և ՔՀԿ այսքան ներկայացուցիչներ: Տեսնում եմ համագործակցության լավ հնարավորություններ: Շնորհակալություն այս բացառիկ համաժողովի համար»,-ասում է բիզնես սեկտորի ներկայացուցիչներից մեկը:
Համաժողովն ամփոփեց Ա. Տոռոզյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր մասնակիցներին արդյունավետ աշխատանքի և համագործակցության համար: