ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՆՈՐ ՕՐԵՆՔԸ. ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ» ԹԵՄԱՅՈՎ ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԳՈՐԻՍՈՒՄ ԵՎ ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՆՈՐ ՕՐԵՆՔԸ. ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ» ԹԵՄԱՅՈՎ ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԳՈՐԻՍՈՒՄ ԵՎ ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ

Մարտի 18-ին Սյունիքի և Վայոց ձորի մարզերի Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները հնարավորություն ունեցան ավելի մանրամասն ծանոթանալու ՀԿ-ների մասին նոր օրենքին, ինչպես նաև ստանալու իրենց առավել հետաքրքրող հարցերի պատասխանները:
Այդ նպատակով «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «ՀԿ Ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրի շրջանակներում Գորիսում և Եղեգնաձորում կազմակերպել էր «Հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ նոր օրենքը. հնարավորություններ և մարտահրավերներ» թեմայով սեմինար- քննարկումներ:

Սեմինար-քննարկումները վարել են ՀՀ արդարադատության նախարարության և ՔՀԿ ոլորտի փորձագետներ Նունե Պեպանյանն ու Քրիստինե Գրիգորյանը:

Սեմինար քննարկումներին մասնակցել են Սյունիքի մարզի Գորիսի, Սիսիանի, Կապանի և Մեղրիի ու Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի, Վայքի տարածաշրջանների ՔՀԿ-ների և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչներ:
Սեմինար-քննարկումների բացման և ողջույնի ելույթով հանդես եկավ ԳՈՒՄ ՀԿ-ի գործադիր տնօրեն Ա. Տոռոզյանը: Նա ամփոփ ներկայացրեց սեմինար-քննարկման նպատակը, շնորհակալություն հայտնեց բոլորին մասնակցության համար՝ ընդգծելով հանդիպման կարևորությունը ՀԿ-ների համար:
Հանդիպման կարևորությունն ընդգծող և ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ԱՄՆ ՄԶԳ-ի ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանը:

Քննարկումների առաջին մասում ՀՀ Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Քրիստինե Գրիգորյանը մասնակիցներին ներկայացրեց ՀԿ նոր օրենքի հիմնական փոփոխություններն իրենց պարզաբանումներով, որից հետո հանդիպման մասնակիցները հնարավորություն ունեցան փորձագետներին հղելու իրենց հարցերն ու լրացուցիչ մեկնաբանություններ ստանալու:

Հանդիպումների երկրորդ մասում բուռն քննարկում ծավալվեց ՀԿ օրենքում տեղի գտած մի շարք փոփոխությունների շուրջ: Մասնակիցները հանդես եկան նաև առաջարկություններով: