«ՀԱՍԱՆԵԼԻ ԲՈՒՀԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳԻՐԸ ՄԵԿՆԱՐԿԸ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ
Այսօր՝ հունվարի 17-ին, Կապանում՝ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Կապանի մասնաճյուղում, տեղի ունեցած «Հասանելի բուհական կրթություն» ծրագրի մեկնարկային հանդիպումը ևս ընթացավ բավականին դրական դիրքորոշումներով լի մթնոլորտում։
«Հասանելի բուհական կրթություն» ծրագիրն իրականացնում է «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում։
Ծրագրի նպատակն է նպաստել Սյունիքի մարզի բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթաթոշակների և ֆինանսական աջակցության քաղաքականության բարելավմանը՝ հանրային մոնիթորինգի և ջատագովության միջոցով:
Ծրագրի ներկայացման հանդիպմանը մասնակցել են «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան»/ՀԱՊՀ հիմնադրամի Կապանի մասնաճյուղի տնօրեն Արթուր Կոստանդյանը և համալսարանի դասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, ՔՀԿ-ների ներկայացուցիչներ։
Հանդիպման մասնակիցներին ողջունել է ՀԱՊՀ-ի Կապանի մասնաճյուղի տնօրեն Արթուր Կոստանդյանը, ով, կարևորելով ծրագրի գաղափարն ու անհրաժեշտությունը, ԳՈՒՄ ՀԿ-ի հետ համագործակցության պատրաստակամություն է հայտնել և կոչ արել ուսանողներին ու դասախոսներին ծրագրի իրականցման ընթացքում ակտիվ մասնակցություն ցուցաբերել։
Ծրագրի նպատակի ու նախատեսված գործողությունների ներկայացումից հետո հանդիպման մասնակիցները հանդես են եկել հարցադրումներով և ծրագրի վերաբերյալ դրական դիրքորոշումներով։