«ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՇԽԱՏՇՈՒԿԱ, ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ. ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐ» ԹԵՄԱՅՈՎ ՄԱՐԶԱՅԻՆ ՖՈՐՈՒՄ
Սեպտեմբերի 28-ին ԳՈՒՄ ՀԿ-ն «Սոցիալական գործընկերություն և կրթություն․ համայնքահեն հեռանկարներ երիտասարդների համար» ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզի Կապան համայնքում իրականացրել է «Միջին մասնագիտական կրթություն և աշխատշուկա, հանրակրթություն և մասնագիտական կողմնորոշում. հիմնախնդիրներ և լուծման ուղիներ» թեմայով մարզային ֆորում։
Մարզային ֆորումի նպատակն էր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ վեր հանել միջին մասնագիտական կրթության և աշխատաշուկայի, ինչպես նաև հանրակրթական դպրոցներում մասնագիտական կողմնորշման գործընթացներում առկա հիմնախնդիրները և հանդես գալ դրանց լուծմանն ուղղված առաջարկություններով։
Մարզային ֆորումը տեղի է ունեցել Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջում։ Ֆորումին մասնակցել են Կապանի և Քաջարանի միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրեններ, աշխատակիցներ, ուսանողներ, հանրակրթական դպրոցների տնօրեններ, փոխտնօրեններ, աշակերտներ, Կապանի համայնքապետարանի աշխատակիցներ, ՔՀԿ-ների ներկայացուցիչներ, գործատուներ, ընդհանուր թվով 50 մասնակից։
Մարզային ֆորումի մասնակիցներին ողջունել են ԳՈՒՄ ՀԿ-ի գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյանը և Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Անժելա Մաքյանը։ Վերջինս իր ողջույնի խոսքում մեծ կարևորություն է տվել ԳՈՒՄ ՀԿ-ի նախաձեռնությանը, ֆորումի թեմային և կոչ արել իր գործընկերներին ակտիվ մասնակցություն ունենալ ոլորտում առկա խնդիրների վերհանմանն ու դրանց հնարավոր լուծումների առաջարկմանը։
Մարզային ֆորումը վարել է ԳՈՒՄ ՀԿ-ի աշխատակից Աննա Դանիելյանը։
Ֆորումի առաջին մասում Ա. Դանիելյանը մասնակիցներին ամփոփ ներկայացրել է «Սոցիալական գործընկերություն և կրթություն. համայնքահեն հեռանկարներ երիտասարդների համար» ծրագրի նպատակը, իրականացման ընթացքն ու ակնկալվող արդյունքները։ Այնուհետև մասնակիցներն աշխատել են 4 թեմատիկ խմբերով, որոնցից 2-ը քննարկել և վեր են հանել հանրակրթական դպրոցներում մասնագիտական կողմնորոշման, իսկ մյուս 2-ը՝ միջին մասնագիտական կրթության և աշխատաշուկայի միջև առկա խնդիրները։
Մասնակիցները համապատասխան խմբերով մշակել են նաև իրենց առաջադրած խնդիրների լուծման առաջարկությունները և հանդես եկել ներկայացումներով։
Խմբային ներկայացումներն ուղեկցվել են բուռն քննարկումներով։
Մարզային ֆորումն ամփոփվել է շատ կառուցողական մթնոլորտում։ Շահագրգիռ կողմերը շնորհակալություն են հայտնել ԳՈՒՄ ՀԿ-ին ոլորտի խնդիրների նկատմամբ ցուցաբերած հետաքրքրվածության համար և ծրագրի իրականացմանն աջակցելու պատրաստակամություն հայտնել։
ԳՈՒՄ ՀԿ-ն «Սոցիալական գործընկերություն և կրթություն․ համայնքահեն հեռանկարներ երիտասարդների համար» ծրագիրն իրականացնում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի կոնսորցումի անդամներն են՝ «Գործընկերություն և ուսուցում» /ԳՈՒՄ ՀԿ, «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամ /ԳԶՀ, «Սիսիանի Մեծահասակների Կրթության Կենտրոն» հիմնադրամ /ՍՄԿԿ, «Ցկյանս ուսումնառության հայաստանյան լիգա» իրավաբանական անձանց միություն/ՑՈՒՀԼ։