VISIT OF ARMENIAN PRIME MINISTER NIKOL PASHINYAN’S WIFE, ANNA HAKOBYAN TO “CREATIVE ENGLISH” SUMMER SCHOOL

Visit of Armenian Prime Minister Nikol Pashinyan’s wife, Anna Hakobyan to “Creative English” Summer School

 Այսօր՝ հուլիսի 18-ին, «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից «ԱՄՆ Խաղաղության կորպուսի» աջակցությամբ կազմակերպված «Ստեղծագործական անգլերեն» ամառային դպրոցի մասնակիցներին  ճանաչողական այցով հյուրընկալվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին  Աննա Հակոբյանը:

«Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյանը ողջունեց պատվավոր հյուրին, կարևորեց ՀՀ Վարչապետի տիկնոջ այցը և մասնակցությունն ամառային դպրոցի միջոցառումներին՝ շեշտադրելով երիտասարդ սերնդի կրթման և կարողությունների զարգացման գործընթացում բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը և ջանքերի համատեղումը՝ որպես հաջողության գրավական:

Այցի ընթացքում տիկին Հակոբյանը ծանոթացավ ամառային դպրոցի ուսումնական ծրագրին, դասավանդման մեթոդաբանությանը, հետևեց խմբային պարապմունքներին՝ ունկնդրելով տարբեր թեմաների շուրջ երեխաների անգլերեն լեզվով ներկայացումները:

Այցի  երկրորդ հատվածում, ամառային դպրոցի մասնակիցները հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերը ուղղել ՀՀ Վարչապետի տիկնոջը: Քննարկման ընթացքում մասնակիցների կողմից մեծ խանդավառությամբ և ոգևորությամբ բարձրաձայնվեցին կրթական համակարգին, երիտասարդության զբաղվածության, մասնագիտական կողմնորշման և բազմաթիվ այլ ոլորտների վերաբերող հարցեր, որոնց տիկին Հակոբյանն անդրադարձավ բազմակողմանի և հանգամանալից պատասխաններով՝ սպառելով մասնակիցների հուզող բոլոր հարցերը: Իր ամփոփիչ ելույթում Աննա Հակոբյանը բարձր գնահատեց երեխաների պատրաստվածությունը և ընդգծեց ՀՀ-ում մեկնարկած ժողովրդավարական բարեփոխումների շարունակականության ապահովման կարևորությունն ու դրանց արդյունավետության երաշխավորման գործում մեր խոստումնալից և տաղանդավոր երիտասարդների մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտությունը:

«Ստեղծագործական անգլերեն» ամառային դպրոցը  մեկնարկել է ս.թ. հուլիսի 15-ին՝ մեկ ընդհանուր ուսումնական հարթակում համախմբելով 7-ից 12-րդ դասարանների թվով 60 աշակերտների, ովքեր հանդիսանում են «Պոեզիայի և ասմունքի ազգային մրցույթի» 2018թ.-ի հաղթողները: Ամառային դպրոցի մեթոդաբանությունը համալրված է նորարական մոտեցումներով՝ համախմբելով իր մեջ կրթական, երաժշտական, մարզական, մշակութային բազմաթիվ միջոցառումներ և գործողություններ: Ամառային դպրոցն իր միջոցառումների շարքը կամփոփի  հուլիսի 20-ին՝ հյուրընկալելով տեղական և միջազգային կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչների: