Հարցեր և պատասխաններ
«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ նոր օրենքի վերաբերյալ
«Գործընկերություն և ուսուցում» /ԳՈՒՄՀԿ-ն և ՀԿ կենտրոնը ԱՄՆՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «ՀԿ Ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրի շրջանակներում կազմակերպել են «Հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ նոր օրենքը. Հնարավորություններ և մարտահրավերներ» թեմայով սեմինար-քննարկումներ ՀՀ 10 մարզերի ՔՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ստորև ներկայացվում են սեմինար-քննարկումների ընթացքում փորձագետների կողմից ներկայացված օրենքի հիմնական փոփոխությունները՝ հիմնական շեշտադրումը կատարելով վիճահարույց, հետաքրքիր և ուշադրության արժանի կետերի վրա, ինչպես նաև մասնակիցների կողմից առավել շատ հնչեցված հարցերն ու դրանց պատասխանները:
Ընդհանուր պարզաբանումներ և անդրադարձ հիմնական փոփոխություններին
Հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ նոր օրենքն ընդունվել է 2016-ի դեկտեմբերին, ուժի մեջ է 2017-ի փետրվարից:
- ՀԿ-ի կազմավորման հետ կապած՝ ներկայիս օրենքը հնարավորություն է տալիս և’ ֆիզիկական անձանց, և’ արդեն իրավաբանական անձանց միավորմամբ ստեղծել հասարակական կազմակերպություններ, ինչը դաշտի ազատականացման տեսանկյունից մեկ քայլ առաջ է, այսինքն` օրենսդիրը դաշտը բաց է թողել, և եթե որևէ առևտրային կազմակերպություն, որն ուզում է, կամ ուղղակի համակրում է այդ ՀԿ-ի կանոնադրական նպատակներին և ուզում է համագործակցել, ապա դաշտն այս առումով բաց է:
- ՀԿ-ները կարող են հիմնվել անսահմանափակ կամ սահմանափակ անդամակցության վրա, ինչը նշանակում է, որ օրենքով ամրագրվել է, որ կան ՀԿ-ներ, որոնք իրենց անդամներին ներկայացնում են որոշակի պահանջներ (սահմանափակ անդամության ՀԿ) և ՀԿ-ներ, որոնք նման պահանջ չեն դնում (անսահմանափակ անդամության ՀԿ):
- Հաջորդ փոփոխությունը վերաբերում է կազմակերպությունների ձեռնարկատիրական գործունեությանը: Նոր օրենքի ընդունման հետ կապված, որպես մեկ ամբողջական համալիր, փոփոխություններ կատարվեցին նաև քաղաքացիական օրենսգրքում, որտեղ օրենսդիրն հրաժարվեց իրավաբանական միություն կոչվող այդ իրավակազմակերպական ձևից, քանի որ, եթե հասարակական կազմակերպությանն իրավունք է տրվում զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, ապա այս իրավակազմակերպական ձևն արդեն ավելորդ է դառնում: Որոնք են ձեռնարկատիրությամբ զբաղվելու հիմնական սկզբունքները. ՀԿ-ն կարող է ինքն անձամբ կամ առևտրային կազմակերպության միջոցով /երկու տարբերակն էլ հնարավոր է/, իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Բայց այստեղ պետք է ուշադրություն դարձնել օրենքի նորմին: Կա մի հատկանշում, ՀԿ-ն կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն, եթե դա համապատասխանում է իր կանոնադրական նպատակներին և ստացված ամբողջ շահույթը պետք է նպատակաուղղվի այդ կանոնադրական նպատակների իրականացմանը:
- Ընթացակարգային մի քանի փոփոխություններ, որոնք միտված են պարզեցնելու և դյուրացնելու գրանցման ընթացակարգերը: (1) Օրենքի փոփոխությամբ պայմանավորված /թե այս օրենքի, թե հետագայում որևէ նորմատիվ իրավական ակտի փոփոխության հետ կապված/, եթե անհրաժեշտ է փոփոխություններ կատարել կանոնադրության մեջ, ապա այդ փոփոխությունների գրանցման դեպքում հանվել է պետական տուրքի գանձումը: Այսինքն` օբյեկտիվորեն ՀԿ-ն ստիպված չի լինի կանոնադրության փոփոխությունների գրանցման համար ծախսել լրացուցիչ գումարներ: (2) Գրանցման հետ կապված, եթե նախկինում ՀԿ պետական գրանցման համար պահանջվում էր 21 օր, ապա այս դեպքում, եթե ՀԿ-ն օգտվի պետական ռեգիստրի կողմից հաստատված փաստաթղթերի նմուշ-օրինակներից, ապա նրա գրանցումը տեղի է ունենալու 2 օրվա ընթացքում: Իսկ նմուշ-փաստաթղթերից չօգտվելու պարագայում՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում: (3) ՀԿ-ի գտնվելու վայրի փոփոխության հետ կապված, եթե նախկինում ՀԿ-ները ստիպված էին կանոնադրության մեջ կատարել փոփոխություն, ապա գրանցել այդ փոփոխությունը, ապա հիմա բավարար է միայն պատշաճ ծանուցել պետական ռեգիստրին, որ ՀԿ-ի գտնվելու վայրը փոփոխվել է: (4) ՀԿ-ի ներքին կառավարման ձևին վերաբերող ազատականացումը. եթե նախորդ օրենքը սահմանում էր որոշակի հստակ կառուցվածք կամ կառավարման մեխանիզմ ՀԿ-ի համար, ապա հիմա դաշտն ավելի բաց է, և տրամաբանական է, որ ՀԿ-ն ինքն իր անդամների հետ համատեղ կամ հիմնադրման պահին կամ ընթացքում պետք է որոշի, թե որ կառավարման ձևն ավելի արդյունավետ կլինի իր համար, թե ինքն արդյո՞ք ուզում է իր կանոնադրությամբ, օրինակ, նախատեսել վերստուգիչ հանձնաժողովի առկայություն, թե՝ ոչ և այլն: Այսինքն` ՀԿ-ն ինքն է որոշում իր կառավարման նախընտրելի ձևը:
- Հաջորդ շատ կարևոր փոփոխությունը “շահառու” հասկացությանն է վերաբերում. ուսումնասիրվել է և փորձը, և ՀԿ-ների հետ քննարկումներ են անցկացվել, թե ինչպես պետք է կանոնադրության մեջ նշել շահառուներին: Օրենքով հստակ անդրադարձ է կատարվում շահառու հասկացության սահմանմանը:
- Մյուս հիմնաքարային փոփոխությունը կամավորների աշխատանքն է և ընդհանրապես, կամավորի ինստիտուտի սահմանումը: Այս հարցը երկար ժամանակ քննարկվել է: Բոլորի համար էլ պարզ էր, թե կամավորական աշխատանքն ինչ է իրենից ներկայացնում, բայց օրենսդրության մեջ չկային մեխանիզմները: Իհարկե, այս օրենքով սահմանվեցին կամավորական աշխատանքի որոշ չափանիշներ, սահմանափակումներ կամավորներին ձեռնարկատիրական գործունեության մեջ ներգրավելու համար (ինչն ուղղակի բխում է կամավորության էությունից), տրվեցին որոշակի ինստիտուցիոնալ օրենսդրական կարգավորումներ, կապված կամավորների հետ կնքվող պայմանագրի, նրանց ծախսերի փոխհատուցման, աշխատաժամանակի, տարիքային շեմի հետ և այլն:
- Հանրային կառավարման միջոցների թափանցիկություն և հաշվետվողականություն: Այն կազմակերպությունները, որոնք 5 մլն ՀՀ դրամ և ավելի հանրային միջոցների /պետբյուջեի և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեի միջոցներ/ կֆինանսավորվեն մեկ տարվա ընթացքում, պարտադիր պետք է հաշվետու լինեն, անցնեն աուդիտ և հրապարակեն հաշվետվություն: Սա, իհարկե, հանրային միջոցների ծախսման թափանցիկության սկզբունքն է, ինչը պահպանում է պետությունը՝ իր հարկատուներին հասանելի դարձնելով այն ծախսերը, որոնք կատարում է: Սակայն, ուշադրություն, այս նորմի պահանջով առաջին հաշվետվությունները պետք է հրապարակվեն 2018 թվականին՝ (ոչ ուշ, քան մայիսի 15-ը), 2017 թվականի գործունեության համար:
- Շահառուների իրավունքների պաշտպանության համար դատական հայցերի ներկայացում. Այս նոր օրենքով ՀԿ-ները կարող են իրենց շահառուների իրավունքների պաշտպանության համար դատարան դիմել միայն շրջակա միջավայրի պաշտպանության հետ կապված հարցերով և դրա համար սահմանված է նաև մեխանիզմ, թե օրինակ՝ որ կազմակերպությունները կարող են դիմել՝ հիմնվելով որոշակի փորձառության և գործունեության պահանջի վրա: Սա արվել է նախ՝ հաշվի առնելով ՀԿ-ների կարողությունները, արվել է ՀԿ և պետական հատվածների երկարատև բանակցությունների արդյունքում: Սակայն օրենքի կիրառման որոշակի փորձառություն ունենալուց և կիրառման խնդիրները վերհանելուց հետո, կարծում ենք, որ կարելի է հետագայում նորից անդրադառնալ այն ոլորտներին, որտեղ ՀԿ-ները կարող են հայցեր հարուցել իրենց շահառուների իրավունքների պաշտպանության համար: Այս առումով պետք է նաև հաշվի առնել դատական պրակտիկայի զարգացումները:
- Մյուս կարևոր փոփոխությունը վերաբերում է անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների ինստիտուտի սահմանմանը (բոլորիս հայտնի endowment): Այսպես, օրենսդիրը Հիմնադրամների մասին օրենքում տալով ԱԿՀ-ների սահմանումը, այս ինստիտուտի էությունից ելնելով՝ սահմանել է այն սահմանափակումները, որոնք գործում են անձեռնմխելի կապիտալից շահույթ ստանալու դեպքում, այլ կերպ ասած՝ այս կամ այն ոլորտում այդ կապիտալի ներդրումից: Օրենքը նախատեսում է, որ այդ կապիտալից շահույթ ստանալու նպատակով նշված միջոցները կարող են ներդրվել միայն պետական պարտատոմսերում: Տրամաբանությունն այն է, որ պետական պարտատոմսերն, ապահովված լինելով պետության երաշխիքներով, կարող են դիտարկվել որպես նման միջոցների ներդրման համար ապահով և ոչ ռիսկային ձև:
Հարցեր և պատասխաններ
ՀԿ-ի կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ հարցեր
Հարց – Ի՞նչ ռիսկեր կան երկու անձով ՀԿ ստեղծելու դեպքում:
Պատասխան – Այս առումով օրենքը ազատական է և նպատակահարմարությունը ՀԿ-ներին է տրված: Ռիսկեր չկան:
Հարց – Նոր օրենքով ՀԿ-ն է որոշում, թե ինչ կառուցվածք ունենա: Այսինքն` կարող է ՀԿ-ն Խորհո՞ւրդ չունենալ:
Պատասխան. Պետք է ունենալ կառավարման մարմին, դա կազմակերպությունն է որոշում: Կազմակերպության կառավարման մարմիններն են ընդհանուր ժողովը և գործադիր մարմինը:Կազմակերպության կանոնադրությամբ կարող են նախատեսվել նաև կառավարման այլ մարմիններ, այդ թվում՝ կոլեգիալ կառավարման մարմին, վերստուգող մարմին, որոնց լիազորությունների ժամկետները սահմանվում են օրենքով կամ Կազմակերպության կանոնադրությամբ: Օրենքով կամ Կազմակերպության կանոնադրությամբ գործադիր մարմնին վերապահված լիազորությունները կարող է իրականացնել Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այն մարմինը, որն իրավասու է առանց լիազորագրի ներկայացնելու Կազմակերպությունը:
Հարց – Արդյո՞ք ՀԿ-ի անդամները կարող են ներգրավվել կազմակերպության կողմից իրականացվող որևէ ծրագրում:
Պատասխան –, Այո կարող են: Եթե կանոնադրությամբ սահմանված է, որ ՀԿ-ի անդամը չի կարող ներգրավվել ծրագրում, այդ դեպքում` չի կարող: Կախված է նրանից թե ձեր կազմակերպության կանոնադրության մեջ ինչ սահմանափակումներ եք սահմանել անդամների այլ գործունեության համար:
Հարց – ՀԿ նոր օրենքով կազմակերպության գրանցումից հետո մեկ տարվա ընթացքում կարող է փոփոխություններ անել առանց տուրքի: Գրանցումից հետո՞ մեկ տարվա ընթացքում, թե օրենքի ընդունումից հետո:
Պատասխան – Օրենքի ընդունումից հետո, բայց դա չի վերաբերում նոր գրանցված կազմակերպություններին, խոսքը միայն` փոփոխությունների գրանցմանն է վերաբերում:
Հարց – Կլինենարդյոք ՀԿ-ների վերաբերող նմուշային փաստաթղթեր և ե՞րբ:
Պատասխան – Ըստ պետռեգիստրի՝ նմուշային փաստաթղթերը կդրվեն կայքում առաջիկա տաս օրերի ընթացքում:
Հարց – ՀԿ-ի լուծարման դեպքում գույքն ինչպե՞ս է վերաբաշխվում: Հին օրենքով գույքը մնում է պետությանը, իսկ նոր օրենքով ինչպե՞ս է կարգավորվում:
Պատասխան – Նոր օրենքով որևէ փոփոխություն չի կատարվել գույքի վերաբաշխման առումով:
Հարց – 2014 թվականի հունվարին ՊԵԿ-ը ոչ ֆինանսական գործունեություն ծավալող ՀԿ-ներին լուծարեց (գործունեության դադարեցման հիմքով): Արդյոք լուծարվել են ժամանակավորապես, թե՞ ընդհանրապես: ՀԿ-ներ կան, որոնք ունեն երկար տարիների պատմություն և միանգամից կորցրել են իրենց գործունեության պատմությունը:
Պատասխան – Ըստ ՀԿ-ների մասին 2001թ օրենքի` ՀԿ-ն լուծարվում է. հարկադիր՝ դատարանի որոշմամբ, կամավոր՝ իր բարձրագույն մարմնի որոշմամբ, ներառյալ այն ժամկետը լրանալու կապակցությամբ, որով ստեղծվել է կազմակերպությունը: Եվ լուծարման պետական գրանցումն իրականացվում է իրավաբանական անձանց լուծարման պետական գրանցման համար օրենքով սահմանված կարգով: Եթե լուծարվել եք, ապա ձեզ պետք է ծանուցվեր: 2014 թվականին եղավ այդ գործընթացը, խնդիրը բարձրաձայնեցին ՀԿ-ները և արդյունքում գործընթացը դադարեցվեց, քանի որ միջամտեց Արդարադատության նախարարությունը: Այնուամենայնիվ, հարցը լրացուցիչ պարզաբանման կարիք ունի:
Հարց – Ո՞վքեր կարող են ՀԿ-ից պահանջել իրականացված գործունեության մասին տեղեկատվություն:
Պատասխան – Օրենքի իմաստով թե՛ Արդարադատության նախարարությունը, թե՛ ՊԵԿ-ը, կարող են պահանջել հասարակական կազմակերպությունների մասին օրենքով, իսկ տեղեկատվության ազատության մասին օրենքով` յուրաքանչյուր ոք:
Ըստ օրենքի` ՀԿ-ները պետք է հրապարակեն իրենց հաշվետվությունները, բայց օրենքը ասում է, որ կպատժի վարչական իրավախախտումների մասին օրենքով այն դեպքում, եթե տարվա ընթացքում հինգ մլն և ավելի հանրային միջոցներ օգտագործելու դեպքում չհրապարակվեն այդ հաշվետվությունները:
Հարց – Նոր օրենքի վերնագրի պաշտոնական անգլերեն թարգմանության մեջ մնում է “non governmental”, “non profit”, թե՞ երկուսն էլ:
Պատասխան – Օրենքի անվանումը չի փոխվել, բայց պաշտոնական թարգմանությունը դեռևս չկա, նախորդ օրենքի վերնագիրը չի փոխվել հայերենում:
Հարց – Պարտադի՞ր է արդյոք փոխել կազմակերպությունների կանոնադրությունները և համապատասխանեցնել նոր օրենքին:
Պատասխան – Օրենքը չի պարտադրում նման բան, դա կախված է ՀԿ-ից, օրինակ, եթե ուզում է շահույթ ստանալ, ապա պետք է կանոնադրության մեջ կատարի հստակեցումներ: Սակայն, այս պարագայում կազմակերպության կանոնադրության փոփոխության գրանցման դեպքում կազմակերպությունը ազատվում է պետական տուրքի վճարման պարտավորությունից:
Հարց – Արդյո՞ք պարտադիր է վերստուգիչ հանձնաժողով ունենալը և ինչպես է իրականացվում հանձնաժողովի աշխատանքները:
Պատասխան – Օրենքը չի պարտադրում ունենալ վերստուգիչ մարմին, այս որոշումը թողնված է կազմակերպությանը: Կազմակերպությունն է որոշում, թե ինչպիսի կառուցվածք է ունենալու, և եթե կազմակերպության կանոնադրությամբ ամրագրված է վերստուգիչ մարմնի առկայություն, ապա կազմակերպության վերստուգիչ մարմինը պարտավոր է տարին մեկ անգամ իրականացնել կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության ստուգում, ծանոթանալու կազմակերպության գործունեությանն առնչվող բոլոր փաստաթղթերին եւ կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով պարտադիր քննարկման ենթակա առաջարկություններ ներկայացնելու նրա մարմիններին, պահանջելու եւ ստանալու կազմակերպության գործունեության վերաբերյալ տեղեկություններ, իրականացնել օրենքով սահմանված այլ լիազորություններ: Պետք է ուշադրություն դարձնել օրենքում ամրագրված և կանոնադրություններում օգտագործվող տերմիններին, մասնավորապես՝ վերստուգիչ մարմին– հանձնաժողով, օրենքում ամրագրված է վերստուգիչ մարմին հասկացությունը: Պետք է համապատասխանեն: Սա հիմնականում վերաբերում է վերագրանցվել ցանկացող կազմակերպություններին:
-
Աուդիտի վերաբերյալ հարցեր
Հարց – Ե՞րբ է աուդիտ առաջանում իրականացնելու անհրաժեշտություն:
Պատասխան – Համաձայն նոր օրենքի ՀԿ-ն պարտադիր աուդիտ իրականացնում է միայն հանրային միջոցներից օգտվելու դեպքում, եթե այն տարեկան կազմում է հինգ միլիոն կամ ավել դրամ:
Հարց – Հոդված 26-ը սահմանում է պարտադիր աուդիտ, որը բավականին թանկ արժե, ո՞վ պետք է անի այդ ծախսը, ՀԿ-ն չունի նման միջոցներ: Ու՞մ հաշվին է արվելու պարտադիր աուդիտը:
Պատասխան – Պարտադիր աուդիտն արվելու է կազմակերպության հաշվին, օրինակ, ծախսը նախատեսել դրամաշնորհային ծրագրերում, անդամավճարների հավաքագրման կամ այլ գործունեության միջոցով:
-
Կամավորություն
Հարց – Կամավորների հետ պայմանագիր կնքելիս ի՞նչ եզրույթ է օգտագործվում, դա աշխատանքային պայմանագիր է, թե՞ ծառայությունների մատուցման: Արդյոք լինելու է Կամավորի հետ կնքվող պայմանագիր:
Գործուղման դեպքում արդյո՞ք հիմք են հանդիսանալու գործուղումների մասին իրավական ակտերը:
Եթե կամավորը 20 ժամից պակաս է աշխատում, ապա կարո՞ղ է կազմակերպությունը փոխհատուցում տալ:
Պատասխան – Օրենքում շատ հստակ սահմանված է: Շաբաթական 20 և ավելի ժամ աշխատելու դեպքում կամավորի հետ պարտադիր կնքվում է կամավոր աշխատանքի մասին պայմանագիր, նշված է այդ պայմանագրի առանձնահատկությունները, դա ո’չ աշխատանքային պայմանագիր է, և, ոչ էլ ծառայությունների մատուցման, սա նոր տեսակ է, և կոչվում է <<կամավոր աշխատանքի մասին պայմանագիր>>: Սա այն ստանդարտ աշխատանքային պայմանագիրը չէ, որն, օրինակ, գործատուն կնքում է աշխատողի հետ: Կամավոր աշխատանքի մասին պայմանագրում նշվում են` պայմանագիրը կնքելու տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը, կազմակերպության անվանումը.կազմակերպության անունից պայմանագիրն ստորագրող անձի պաշտոնը, անունը, ազգանունը. կամավորի անունը, ազգանունը, նրա ցանկությամբ` նաեւ հայրանունը. կամավոր աշխատանքի նկարագիրը եւ աշխատանքային գործառույթները, իրականացման կարգը եւ պայմանները. կազմակերպության եւ կամավորի իրավունքները եւ պարտականությունները. աշխատաժամանակի ռեժիմը. պայմանագրի գործողության ժամկետը:Նմուշի կարիք չկա, քանի որ օրենքում հստակ թվարկվում է պահանջները:
Կապված 2-րդ հարցի հետ Օրենքը չի սահմանափակում պայմանագրի կնքումը նաև 20 ժամից պակաս աշխատելու դեպքում, սակայն ՀԿ-ն ինքն է որոշում դա, ինչպես նաև վարում է կամավորների հաշվառում, այսինքն` պարտադիր է պայմանագիր կնքելը, եթե աշխատաժամանակը գերազանցում է 20 ժամը: Այդուհանդերձ, կազմակերպությունը կամավորին հատուցում է տրամադրում կամավոր աշխատանքի իրականացման արդյունքում վերջինիս կողմից փաստացի կատարված ծախսերի դիմաց, ծրագրային ծախսերի համար: Կամավոր աշխատանքի հետ կապված վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Հարց – Կամավորների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերն արդյո՞ք ենթադրում են հարկային պարտավորություններ:
Պատասխան – Նման պարտավորություններ չկան: Փոխհատուցումը վերաբերում է այն դեպքերին, եթե կամավորին, օրինակ, կազմակերպությունը ուղարկել է որևէ տեղ ծրագրային նպատակներով, ապա փոխհատուցվում է կամավորի կողմից իրականացված ծախսերը՝ օրինակ` տրասնպորտային ծախս, բնականաբար, եթե ներկայացվել են ծախսերի հիմքեր հանդիսացող փաստաթղթերը:
Հարց – Արդյո՞ք չի կարելի ներգրավել կամավորին ձեռնարկատիրական գործունեության մեջ՝ վարձատրության սկզբունքով:
Պատասխան – Կամավորը չի կարող վճարվել: Դա հակասում է կամավորության ինստիտուտի էությանը: Օրենքը հստակ սահմանում է, որ կամավորներին չեք կարող ներգրավել ձեռնարկատիրական գործունեության մեջ: Բայց օրինակ, եթե կամավորը ներգրավված է ուսուցանելու, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման նպատակով, ապա դա չի կարող մեկնաբանվել որպես ձեռնարկատիրական գործունեությանը կամավորի ներգրավում:
Հարց – Ի՞նչու կամավորական աշխատանքը որպես աշխատանքային փորձ չընդունվեց:
Պատասխան – Ըստ կամավորության ինստիտուտի տրամաբանության` կամավորությունն աշխատանք չէ, այն հանձնառություն է, որը կամավորը կատարում է` ելնելով իր գաղափարներից և չի ակնկալում որևէ վճար: Կամավորական աշխատանքի խրախուսման միակ ձևը այն աշխատանքային ստաժ համարելը չէ: Խրախուսման շատ տարբեր ձևեր կան: Վերջերս Կառավարության նիստով հաստատվել է «Կամավորության մասին» օրենքի հայեցակարգը, որը մշակել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Առաջիկա վեց ամիսների ընթացքում այդ օրենքը պետք է մշակվի և հասցեագրի նմանատիպ հարցեր: Խորհուրդ ենք տալիս ուշադիր լինել և մասնակցել իրավական ակտի մշակման գործընթացին:
Հարց – Արդյո՞ք Խաղաղության Կորպուսի կամավորների ներգրավումը ձեռնարկատիրական գործունեության մեջ կառաջացնի շահերի բախում:
Պատասխան – Օրենքը հստակ ասում է, որ կամավորներին չեք կարող ներգրավվել ձեռնարկատիրական գործունեության մեջ: Եթե կամավորը ներգրավված է ուսուցանելու, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման նպատակով, ապա դա միտված չէ ձեռնարկատիրական գործունեությանը:
Հարց – Քանի՞ կամավոր կարելի է գրանցելկազմակերպությունում:
Պատասխան – Կամավորներ ներգրավվելու թվաքանակի որևէ սահմանափակում չկա:
Հարց – Եթե ՀԿ-ի անդամը կամավորական աշխատանք է կատարում, ապա արդյո՞ք այդ արդյունքը հարկվելու է, թե ոչ: Արդյոք ՀԿ-ի Խորհրդի անդամները այժմ կամավոր են գրանցվելու:
Պատասխան – Խորհրդի անդամը նաև կազմակերպության անդամ է և կազմակերպության անդամները ունեն օրենքով սահմանված իրենց պարտականություններն ու իրավունքները և չպետք է շփոթել կամավոր և անվարձահատույց գործունեություն իրականացնող անդամների կողմից իրականացվող աշխատանքները: Քանի որ կամավորը և կազմակերպության անդամները չեն վճարվում, ապա հարկման վերաբերյալ խոսք լինել չի կարող:
Հարց – Տարածվո՞ւմ են արդյոք այս օրենքի դրույթները հիմնադրամների վրա, քանի որ հիմնադրամների մասին կա առանձին օրենք, և կարող է արդյոք հիմնադրամը կիրառել կամավորների մասին դրույթը, քանի որ հիմնադրամների մասին օրենքում չկա նման դրույթ:
Պատասխան – Որևէ փոփոխություն չկա:Հիմնադրամների վրա տարածվում է Հիմնադրամների մասին օրենքը: Եվ ոչ, այս օրենքի հիմքով չեք կարող կամավորների հետ կնքել պայմանագիր որպես հիմնադրամ, քանի որ այս օրենքը կարգավորում է հասարակական կազմակերպությունների գործունեությունը:
-
Ձեռնարկատիրական գործունեություն իրավունքի վերաբերյալ հարցեր
Հարց – ՀԿ օրենքի Հոդված 8.3-ի մասին՝ ՀԿ-ն, զբաղվելով ձեռնարկատիրական գործունեությամբ, մտնում է հարկային դաշտ, ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացվեն:
Պատասխան – ՊԵԿ-ի կողմից դեռևս չկան պարզաբանումներ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ՀԿ-ների կողմից ներկայացվելիք հաշվետվությունների տեսակների վերաբերյալ: Ենթադրվում է, որ ՊԵԿ-ի կողմից կտարանջատվեն առևտրային կազմակերպությունների և ՀԿ-ների իրականացրած գործունեությունների հարկման մեխանիզմները: Համենայն դեպս, ՊԵԿ-ի կողմից ակնկալվում է, որ որպես լիազոր մարմին, այս հարցում հստակություն մտցնել: Հուսով ենք՝ արձագանքը շատ չի ուշանա:
Հարց – Կանոնադրության մեջ փոփոխություն անելիս անհրաժե՞շտ է արդյոք նշել ձեռնարկատիրական գործունեության տեսակը: Եթե ՀԿ-ն միաժամանակ իրականացնում է մի քանի տեսակի սոցիալական ձեռնարկատիրություն, ապա պետք է արդյո՞ք հաշվապահությունը իրականացնել յուրաքանչյուրի համար առանձին:
Պատասխան – Գործելու է օրենքը, այսինքն` կանոնադրական նպատակներին համապատասխան:Օրենքը սահմանում է, որ ՀԿ-ն պետք է վարի առանձին հարկային հաշվառում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար, բայց ոչ յուրաքանչյուրի համար: Այսինքն` վարվում է հարկային առանձին հաշվառում բոլոր տեսակների համար, բայց միավորվում է վերջնական հաշվետվության մեջ:
Հարց – Ձեռնարկատիրական գործունեության հետ կապված արդյո՞ք անհրաժեշտ է փոխել կանոնադրությունը և ինչքա՞ն ժամանակ է տևում կանոնադրության փոփոխության գրանցումը:
Պատասխան – եթե ցանկանում եք զբաղվել ձեռնարկատիրությամբ, ապա, պետք վերաձևակերպել և փոփոխել կանոնադրությունը, կազմակերպության նպատակները հստակեցնել, քանի որ մեկնաբանությունները կարող են տարբեր լինել և խնդիրներ առաջացնել: Եթե ՀԿ օգտվում է գրանցման համար ստեղծված նմուշային փաստաթղթերից, գրանցումը իրականացվում է երկու օրում, իսկ եթե ոչ, ապա՝տաս օր:
Հարց – ՀԴՄ- առկայությունը պարտադի՞ր է, թե ոչ:
Պատասխան – Եթե կանխիկ գործարքներ է նախատեսվում, ապա՝ այո:Սակայն, պետք է սպասել ՊԵԿ-ի կողմից օրենքի կիրառման համար անհրաժեշտ մեխանիզմների մշակմանը:
Հարց – Եթե ՀԿ-ն նախկինում ունեցել է ՍՊԸ, որը դադարի մեջ է: Հիմա, եթե կազմակերպությունը գործի ձեռնարկատիրական դաշտում, ի՞նչ պետք է անի ՍՊԸ-ն:
Պատասխան – Երկուսն էլ հնարավոր է պահել: Կախված է նրանից, թե կազմակերպությունը ինչպես նպատակահարմար կգտնի իրականացնել ձեռնարկատիրական գործունեությունը՝ հաշվի առնելով կիրառվող հարկատեսակը:
Հարց – Արդյո՞ք Խաղաղության Կորպուսի կամավորների ներգրավումը ձեռնարկատիրական գործունեության մեջ կառաջացնի շահերի բախում:
Պատասխան – Օրենքը հստակ ասում է, որ կազմակերպությունը չի կարող կամավորներին ներգրավվել ձեռնարկատիրական գործունեության մեջ: Եթե կամավորը ներգրավված է ուսուցանելու, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման նպատակով, ապա դա միտված չէ ձեռնարկատիրական գործունեությանը:
Հարց – Ինչպե՞ս է Հկ-ն ներկայանալու հարկային դաշտում` որպես Սոցիալական ձեռնարկատիրական/ՍՁ գործունեություն իրականացնող ՀԿ:
Պատասխան – Նախ պետք է նշել, որ խոսքն, ըստ էության, ձեռնարկատիրական գործունեության մասին է: Կրկին վերադառնալով հարկման հարցերին, չլինելով հարկային ոլորտի փորձագետ, կարելի է ենթադրություն անել, որ որպես ՀԿ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու դեպքում, գործող օրենսդրական կարգավորմամբ կարող է կիրառելի լինել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքը, իսկ առևտրային կազմակերպության միջոցով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելիս կա հնարավորություն «Շրջանառության հարկի մասին» օրենքին համապատասխան ծանուցում տալու դեպքում, հարկվել շրջանառության հարկով, որն, անկասկած, առավել բարենպաստ է ձեռնարկատիրական գործունեության համար: Սակայն, քանի դեռ չկա ՊԵԿ-ի պարզաբանումը հարցի վերաբերյալ, չի կարելի միանշանակ պնդել, թե ինչ մոտեցում կորդեգրի պրակտիկան:
Հարց – Ինչպե՞ս են կարգավորվելու այն ռիսկերը, որոնք կառաջանան այն դեպքում, եթե բիզնես սեկտորը որոշի վերափոխվել ՀԿ-ի և իրականացնի ձեռնարկատիրական գործունեություն:
Պատասխան – Այդպիսի երևույթ չի կարող լինել, քանի որ այս դեպքում բիզնեսը չի կարող իր շահույթը տնօրինել այնպես, ինպես դա բնորոշ է առևտրային կազմակերպություններին, օրինակ՝ բաշխել հիմնադիրների: ՀԿ-ն կարող է այն օգտագործել միայն կանոնադրական նպատակներին համապատասխան:
Հարց – Կան արդյո՞ք ռիսկեր ձեռնարկատիրական գործունեության հետ կապված:
Պատասխան – Եթե հասարակական կազմակերպությունը ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող շահույթը ծախսում է իր կանոնադրական նպատակների համար, այլ ոչ թե, օրինակ, բաշխում է իր անդամների միջև, ապա այստեղ ոչ մի ռիսկ չկա:
Հարց – ՀԿ-ների համար ո՞ր տարբերակն է ավելի շահավետ` սոցիալական ձեռնարկատիրություն, թե ձեռնարկատիրական գործունեություն:
Պատասխան – Սոցիալական ձեռնարկատիրության վերաբերյալ մենք օրենսդրությամբ չունենք սահմանում, չկան օրենսդրական երաշխիքներ այս ոլորտում: Խոսքը տվյալ դեպքում ուղղակի ձեռնարկատիրության մասին է:
-
Այլ հարցեր
Հարց – Նոր օրենքը մշակելիս արդյո՞ք ուսումնասիրվել է միջազգային փորձը:
Պատասխան – Այո, Արդարադատության նախարարությունը և աշխատանքային խումբը ուսումնասիրել է միջազգային փորձը: Աշխատանքային խմբի անդամները յուրաքանչյուր հարցի վերաբերյալ իրենց մոտեցումներն առաջ քաշելիս հիմնվել են որևէ երկրի ունեցած հաջողված փորձով:
Հարց – Ընդհանրապես օրենքների ընդունման ժամանակ ԳԻԼՅՈՏԻՆ-ից ներկայացուցիչ լինու՞մ է, թե ոչ:
Պատասխան – ԳԻԼՅՈՏԻՆ-ի հիմնական նպատակը բիզնես դաշտի գործընթացների պարզեցումն է: Այս առումով պետք է ասել, որ օրենքը ոչ միայն ԳԻԼՅՈՏԻՆ-ի, այլև հակակոռուպցիոն, բնապահպանական և մնացած պարտադիր փորձաքննությունները անցել է:
Հարց – Ինչո՞ւ է սահմանափակվել դատարան հայցեր ներկայացնելու իրավունքը՝ ՀԿ-ի գործունեության ոլորտով պայմանավորված:
Պատասխան – ՀԿ-ները հնարավոր է, որ շատ հայցեր ցույց տալու նպատակով վնասեին շահառուների իրավունքները, որովհետև դատարանի կայացրած վճիռը` հայցը մերժելու մասին, հետագայում թույլ չի տա շահառուին նույն հայցով դիմելու դատարան: Նույն գայթակղությունից ելնելով՝ ՀԿ-ները կարող էին ներկայացնել բազմաթիվ հայցեր ու խափանեին դատարանների պատշաճ գործունեությունը: Քննարկումների ժամանակ որոշվեց փորձել և տեսնել, թե շրջակա միջավայրի հարցերով զբաղվող ՀԿ-ները ինչպես են կարողանում գործել: Արդյոք ի՞նչ կարողություններ կան զարգացնելու: Այլապես, բացելով դաշտը բոլոր ոլորտների համար, կստեղծվի քաոսային իրավիճակ:
Հարց – Քաղծառայողի մասին օրենքը ու՞նի որևէ գերակայություն ՀԿ օրենքի նկատմամբ: Քաղծառայողը կարո՞ղ է լինել ՀԿ-ի անդամ: Քաղծառայողը չի կարող ստանալ եկամուտ, բացի մտավոր, ստեղծագործ, գիտական աշխատանքներից: Արդյո՞ք չի սահմանափակվում քաղծառայողի իրավունքը ՀԿ-ում, եթե, օրինակ` նա մասնակցում է որևէ ծրագրի կամ սեմինարի:
Պատասխան – Ընդհանրապես, քաղծառայության և հանրային ծառայողների նկատմամբ չկան սահմանափակումներ ՀԿ-ի մեջ ներգրավելու համար: Սահմանափակումը վերաբերում է, մասնավորապես, այլ եկամուտ ստանալուն, բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործ գործունեությունից: Այժմ տեսնենք այն օրինակները, որոնք կարող են մտահոգություն առաջացնել:
Օրինակ` արդյո՞ք ես, որպես առաջին կարգի մասնագետ կարող եմ լինել որևէ ՀԿ-ի անդամ և դա կառաջացնի հակասություն: Պատասխան՝ ոչ, չի առաջացնի:
Ես կարող եմ վարձվել ՀԿ-ի կողմից որպես խորհրդատու, եթե ես անում եմ կրթական, մանկավարժական կամ ստեղծագործական գործունեություն: Պատասխան՝ ոչ չի առաջացնի:
Մնացած այլ դեպքերում կառաջանան հակասություններ, եթե այդ դեպքերը չեն համապատասխանում կրթական, մանկավարժական կամ ստեղծագործական գործունեությամբ զբաղվելու բացառությանը: Հանրային ծառայության օրենսդրության տրամաբանությամբ յուրաքանչյուր մարմին պետք է ունենա էթիկայի հանձնաժողով, որը նախապես խորհրդատվություն կարող է տրամադրել կատարվելիք աշխատանքի վերաբերյալ, այսինքն` արդյոք դա կհամարվի մանկավարժական, գիտական կամ ստեղծագործ աշխատանք թե՝ ոչ:
Հարց – Ի՞նչ կարգավորումներ է սահմանում օրենքը ոչ ֆորմալ խմբերի, գյուղական ակումբների մասին:
Պատասխան – Ոչ մի սահմանում չկա այդ առումով, քանի որ չափից շատ կարգավորումները ընդհանրապես չեն խրախուսվում: Միջազգային փորձն ասում է, որ լավագույն ինդիկատորը` որոշելու տվյալ երկրի ՀԿ դաշտի օրենսդրության միջամտության չափն է: Որքանով է պետությունը միջամտում ՀԿ-ի կամ քաղաքացիական հասարակության կառույցների գործունեությանը: Այս առումով մեր երկրում դաշտը բավականին բաց է:
Փաստաթուղթը ամբողջությամբ հասանելի է այստեղ: