«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄՈԴԵԼ»-Ի ՆԱԽԱԳԾԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄՈԴԵԼ»-Ի ՆԱԽԱԳԾԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Ս/թ սեպտեմբերի 18-ին «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն «Սոցիալական գործընկերություն և կրթություն․ համայնքահեն հեռանկարներ երիտասարդների համար» ծրագրի շրջանակներում Սիսիան համայնքում շահագրգիռ կողմերի հետ քննարկել է «Սոցիալական գործընկերության համայնքային մոդել»-ի նախագիծը։

    
Մոդելի նախագծի ներկայացման ու քննարկման հանդիպմանը մասնակցել են Սիսիանի համայնքապետարանի, Զբաղվածության տարածքային կենտրոնի աշխատակիցներ, հանրակրթական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, ՔՀԿ-ների ներկայացուցիչներ, երիտասարդներ, գործատուներ։

Հանդիպման նպատակն էր Սիսիանի խոշորացված համայնքի հիմնական շահագրգիռ կողմերին ներկայացնել, նրանց հետ քննարկել և համաձայնեցնել ծրագրի փորձագիտական խմբի կողմից մշակված «Սոցիալական գործընկերության համայնքային մոդել»-ի նախագիծը՝ հետագայում այն ինստիտուցիոնալ հիմքով գործարկելու նպատակով։ Սոցիալական գործընկերության համայնքային մոդելն իրենից ներկայացնում է ՀՀ խոշորացված համայնքներում մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում սոցիալական գործընկերության հայեցակարգ։

Հանդիպումը վարել է ծրագրի կոնսորցիումի անդամ՝ «Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոն»-ի տնօրեն Կարեն Հովհաննիսյանը։
Մոդելի նախագիծը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է ծրագրի կոնսորցիումի անդամ՝ «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամի տնօրեն, ծրագրի փորձագետ Արամ Ավագյանը։

Մոդելի նախագծի նպատակին ու կառացվածքին ծանոթանալուց հետո հանդիպման մասնակիցները հնարավորություն ունեցան հայտնելու իրենց դիրքորոշումը նախագծի վերաբերյալ։

Նախագիծը դրական արձագանք ստացավ մասնակիցների կողմից․ շահագրգիռ կողմերից ոմանք արդեն իսկ պատկերացնում են իրենց դերը նախագծի կիրառման գործընթացում, որը պետք է իրագործվի առաջիկայում ձևավորվելիք համայնքային խորհուրդների միջոցով։

ԳՈՒՄ ՀԿ-ն «Սոցիալական գործընկերություն և կրթություն․ համայնքահեն հեռանկարներ երիտասարդների համար» ծրագիրն իրականացնում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում։

    
Ծրագրի կոնսորցիումի անդամներն են՝ «Գործընկերություն և ուսուցում» /ԳՈՒՄ ՀԿ, «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամ /ԳԶՀ, «Սիսիանի Մեծահասակների Կրթության Կենտրոն» հիմնադրամ /ՍՄԿԿ, «Ցկյանս ուսումնառության հայաստանյան լիգա» իրավաբանական անձանց միություն/ՑՈՒՀԼ։