ՇԱՀԱԳՐԳԻՌ ԿՈՂՄԵՐԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄՈԴԵԼԻ ԿԱՅԱՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ

Շահագրգիռ կողմերը քննարկում են սոցիալական համագործակցության տարածքային մոդելի կայացման ուղիները

 

«Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ և «Հանրային խորհրդատվության և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ների գործընկերությամբ իրականացվող «Շահագրգիռ կողմերը ընտանիքի պաշտպանության դերակատարներ» ծրագրի շրջանակներում ս/թ փետրվարի 15-ին Սիսիանում և փետրվարի 16-ին Գորիսում տեղի ունեցան հանդիպումներ սոցիալական ոլորտում գործունեություն ծավալող, ոլորտի խնդիրների լուծումներով շահագրգիռ կողմերի հետ:

 

   

Հանդիպումները նպատակ ունեին ներկայացնելու «Շահագրգիռ կողմերը ընտանիքի պաշտպանության դերակատարներ» ծրագրի շրջանակներում մշակված «Սոցիալական համագործակցության տարածքային մոդել»-ն ու նրա փորձարկման ընթացքը Սիսիան և Գորիս համայնքներում:
Հանդիպումներին մասնակցել են Սիսիան և Գորիս համայնքների համայնքապետարանների, Սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների, Զբաղվածության տարածքային գործակալությունների, Հոգեբանամանկավարժական աջակցության տարածքային կենտրոնների աշխատակիցներ, ՔՀԿ_ների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, համայնքային սոցիալական աշխատողներ:

 

   

Հանդիպումների ընթացքում «Հանրային խորհրդատվության և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արտակ Սարգսյանը շահագրգիռ կողմերին ներկայացրել է ծրագրի ընթացքում մշակված «Սոցիալական համագործակցության տարածքային մոդել»-ը: Մոդելի ներկայացումն ուղեկցվել է հարց ու պատասխաններով, սոցիալական համագործակցության կայացման ճանապարհին դեռևս առկա խոչընդոտների քննարկմամբ, ինչպես նաև մոդելի բարելավմանն ուղղված առաջարկությունների հավաքագրմամբ:

 

  

ԳՈՒՄ ՀԿ-ի գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյանն ու ԳՈՒՄ ՀԿ աշխատակից Աննա Դանիելյանը հանդիպումների մասնակիցներին ներկայացրել են մոդելի փորձարկման ընթացքը Գորիս և Սիսիան համայնքներում, համագործակցային աշխատանքի արդյունքում ծրագրի շահառու ընտանիքների հետ իրականացվող աշխատանքներն ու ընթացիկ հաջողոությունները:

 

  

Շահագրգիռ կողմերը շատ են կարևորել սոցիալական համագործակցության ձևավորումն ու կայացումը, ինչպես նաև այդ գործընթացի առաջ մղմանն աջակցելու պատրաստակամություն հայտնել:
Գորիսում տեղի ունեցած հանդիպման օրակարգում ներկայացում ուներ նաև Երեխաների պաշտպանության ցանցը/ԵՊՑ։ Ցանցի ներկայացուցիչներ Նունե Բալյանն ու Ելենա Հարությունյանը մասնակիցներին ներկայացրել են «Երեխաների այլընտրանքային խնամքի 3 մոդելներին աջակցող սոցիալական ծառայությունների զարգացումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում ԵՊՑ-ի կողմից կատարված հետազոտության արդյունքները և ցանցի գործունեությունը։

«Շահագրգիռ կողմերը ընտանիքի պաշպտանության դերակատարներ» ծրագիրն իրականցվում է Ներդաշնակ հասարակություն «Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի միջոցով Եվրոպական միության և Ավստրիական զարգացման հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: