«ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ» ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՓԱԿՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

«ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ»

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ  ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ

փակման միջոցառում

 

Ս.թ. հունիսի 5-ին հեռավար եղանակով տեղի ունեցավ «էյչ-էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (HSBC Հայաստան) կողմից ֆինանսավորված և «Գործընկերություն և ուսուցում» հասարակական կազմակերպության (ԳՈՒՄ ՀԿ) կողմից իրականացված «Զարգացման հեռանկարներ» ծրագրի փակման պաշտոնական արարողությունը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմեց 8,192,060 ՀՀ դրամ, որից 6,797,800 ՀՀ դրամը հատկացվել էր HSBC Հայաստանի, իսկ մնացածը` ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից:

 «Զարգացման հեռանկարներ» ծրագիրն ուղղված էր Հայաստանի մարզաբնակ երիտասարդների շրջանում ֆինանսական գրագիտության բարձրացմանն ու ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը:   Ծրագրում ներգրավված Կոտայքի, Արարատի և Արագածոտնի մարզերի 16-23 տարեկան 48 երիտասարդների ընձեռնվեց ֆինանսների կառավարման, բիզնեսի պլանավորման և ձեռնարկատիրական հմտությունների զարգացման ուսումնական դասընթացներին մասնակցելու հնարավորություն:

Ի լրումն ֆինանսական աջակցությանը, HSBC Հայաստանի տասական աշխատակիցներից բաղկացած երկու կամավորական խմբեր հանդիպումներ անցկացրեցին շահառու երիտասարդների հետ բիզնես գաղափարների մշակման և պլանավորման հարցերի շուրջ՝ վերջիններիս տրամադրելով համապատասխան ուղղորդում և խորհրդատվություն: Արդյունքում երիտասարդները մշակեցին 11 ստարտափ բիզնես ծրագրեր, որոնք և ներկայացրեցին ծրագրի փակման միջոցառմանը: HSBC Հայաստանի կամավորներից բաղկացած գնահատող հանձնաժողովը ընտրեց լավագույն 4 ստարտափ ծրագրեր, որոնք կստանան համապատասխան ֆինանսավորում:

 

«Գիտակցելով ժամանակակից աշխարհում ֆինանսական գրագիտության և ձեռնարկատիրական հմտությունների նշանակությունը՝ HSBC-ն մեծապես կարևորում է երիտասարդներին, քանզի նրանք ենք մեր ապագան կերտողները:  Միջոցառման ընթացքում մեծ հետաքրքրությամբ ծանոթացա շահառու երիտասարդների կողմից մշակված բիզնես ծրագրերին, որոնք ներառում էին նորարարական մոտեցումներ և գաղափարներ: Խրախուսելի է այն փաստը, որ ծրագրերի մեծամասնությունն ուղղված էր համայնքային զարգացման ապահովմանն այնպիսի ոլորտներում ինչպիսիք են բնապահպանությունը, տուրիզմը, տեղական արտադությունը, մշակութային և հասարակական կյանքը», – ասաց HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը:

ԳՈՒՄ ՀԿ-ի գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյանը` ընդգծելով  HSBC Հայաստանի հետ գործընկերության արդյունավետությունը, նշեց. «Այս ծրագիրը բացառիկ հնարավորություն էր մասնակից երիտասարդների ֆինանսական գրագիտության և ձեռնարկատիրական հմտությունների զարգացման առումով, որը միանշանակ նպաստել է աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանը: Կարևոր գիտելիքների և հմտությունների ձեռք բերմանը զուգահեռ, երիտասարդները ձևավորել են նաև գործակցության ներքին ցանց, որը նրանց կընձեռի այլ նախագծերում համատեղ հանդես գալու և նոր հեռանկարներ բացահայտելու հնարավորություններ»:

 

*«Զարգացման հեռանկարներ» ծրագիրը հանդիսանում էր ֆինանսական գրագիտության ու գործարար հմտությունների զարգացմանն ուղղված տեսական դասընթացների, սեմինարների և արդյուքահեն պրակտիկ գործողությունների և վարժությունների համադրություն, որի իրականացման բոլոր շրջափուլերում շարունակական խորհրդատվություն, ուղղորդում և հսկողություն են իրականացրել ֆինանսների և ձեռնարկատիրության ոլորտներում փորձառու և հմուտ մասնագետներ: