COMMUNITY VOICE. DEVELOPMENT PROSPECTS: REGIONAL CONFERENCE

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՁԱՅՆԸ. ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Տարածաշրջանային համաժողով

 

Սյունիքի և Վայոց ձորի  մարզերի  Տեղական ինքնակառավարման մարմինների, Քաղաքացիական հասարակության կառույցների և բիզնես սեկտորի թվով 93 ներկայացուցիչներ հուլիսի 10-ին, Գորիս քաղաքում համախմբվել են բարձրացնելու  «Համայնքների ձայնը» և քննարկելու  համայնքների զարգացման հեռանկարները:

   Վերոնշյալ բոլոր շահագրգիռ կողմերին  համախմբել էր ԳՈՒՄ ՀԿ-ն «ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ՀԿ ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման  զարգացման» ծրագրի շրջանակներում:

Համաժողովին ներկա էին ԱՄՆ ՄԶԳ-ի  հայաստանյան առաքելության տնօրեն  Դեբորա Գրիզերը և առաքելության  ներկայացուցիչներ,  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Տեղական ինքնակառավարման վարչության պետ  Աշոտ Գիլոյանը, Գորիս համայնքի ղեկավար  Վաչագան Ադունցը:

Համաժողովի բացման և ողջույնի ելույթներով  հանդես եկան ԳՈՒՄ ՀԿ-ի գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյանը, Գորիս համայնքի ղեկավար Վաչագան Ադունցը, ԱՄՆ ՄԶԳ-ի  հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Տեղական ինքնակառավարման վարչության պետ  Աշոտ Գիլոյանը:

Վերջինս իր ելույթի խոսքում ասաց. «Սա  բացառիկ  համաժողով է, ես մեծ սիրով ընդունեցի  հրավերքը և շատ ուրախ եմ, որ այստեղ եմ: Շնորհակալություն եմ հայտնում ԳՈՒՄ ՀԿ-ին համայնքների ձայնը այս ձևաչափով բարձրացնելու  համար»:

Ողջույնի ելույթներից հետո  ԳՈՒՄ ՀԿ-ի գործադիր տնօրեն Ա. Տոռոզյանը  հանդես եկավ «Միջոլորտային համագործակցության և համայնքային զարգացման հնարավորությունները» թեմայով ներկայացմամբ:

Համայնքային համախմբման մեխանիզմների, համայնքներում   ՔՀԿ-ների   արձանագրած հաջողությունների մասին պատմող ներկայացմամբ հանդես եկավ ԳՈՒՄ ՀԿ-ի գործընկեր,  Աշխատանք և հայրենիք ՀԿ-ի ներկայացուցիչ Ռուզան Ղազարյանը:

Համաժողովի մասնակիցներին համայնքային մակարդակում ՏԻՄ-ՔՀԿ համագործակցության մասին պատմեց Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը:

Այնուհետև  համաժողովի մասնակիցները աշխատեցին թեմատիկ խմբերով՝ ՔՀԿ, ՏԻՄ, Բիզնես և  առանձնացրեցին  Սյունիքի և Վայոց ձորի մարզերում առկա այն համայնքային հիմնախնդիրները, որոնց լուծումները իրատեսական են  ՏԻՄ-ՔՀԿ-Բիզնես համագործակցության  շրջանակներում:

Համաժողովի  երկրորդ մասում  մասնակիցներն աշխատեցին  խառը  խմբերով և, համադրելով թեմատիկ խմբային  աշխատանքների արդյունքները,  առանձնացրեցին բոլոր խմբերում  համընկնող  խնդիրները և հանդես եկան  համագործակցային լուծման առաջարկություններով՝  շեշտադրելով ՏԻՄ-ի, բիզնեսի և ՔՀԿ-ների դերակատարումը այդ գործընթացում:

Համագործակցային խմբերում  աշխատել  են ՔՀԿ-ների թվով 58,  ՏԻՄ-երի՝ 18 և բիզնեսի՝ 13  ներկայացուցիչներ:

Համաժողովի ամփոփման ժամանակ շահագրգիռ բոլոր կողմերի ներկայացուցիչները կարևորել են համաժողովը՝ շեշտադրելով  համագործակցային աշխատանքի արդյունավետությունը:

  «Շատ տպավորված եմ, համագործակցության  շատ լավ հնարավորություն է, հատկապես խոշորացված համայնքների պարագայում: Մենք պատրաստ ենք համագործակցելու և անելու ամեն հնարավորն ու անհնարինը համայնքների զարգացման համար», -ասում է Տեղ համայնքի ղեկավար Արթուր Շադունցը:

 «Ես առաջին անգամ եմ  մի տեղում տեսնում  Բիզնես, ՏԻՄ  և  ՔՀԿ այսքան ներկայացուցիչներ: Տեսնում եմ համագործակցության  լավ  հնարավորություններ: Շնորհակալություն այս բացառիկ համաժողովի համար»,-ասում է բիզնես  սեկտորի ներկայացուցիչներից մեկը:

Համաժողովն ամփոփեց  Ա. Տոռոզյանը՝  շնորհակալություն հայտնելով  բոլոր  մասնակիցներին  արդյունավետ աշխատանքի և համագործակցության համար: